Առ այսօր չի վճարվել մոբռեսուրսների 3-4 տոկոսը. տեղեկացրեց ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանի հարցին:
Նախարարը նաև ներկայացրեց պատճառները, որ կապված են հաշվառման խնդրի հետ, քանի որ մարդիկ կա՛մ չեն ներկայացրել անձնական տվյալները, կա՛մ դուրս են եկել զինկոմիսարիատի հանձնարարությամբ և զորամաս չեն հասել: «Բնական է՝ այստեղ հաշվառման հարց է առաջանում: Այդ գործընթացը գնում է, և մենք համարում ենք, որ մինչև մարտի 1-ը այդ հաշվառման խնդիրները կլուծենք և կվճարենք»,- ասաց նա:
Հարությունյանի խոսքով՝ խնդրահարույց է, երբ մարդը կամավոր գնացել է, զորամասում չի գրանցվել: Ըստ Հարությունյանի՝ որպեսզի այդ վճարումներն իրականացվեն, պահանջվում է՝ զորամասում, որտեղ նրանք եղել են, ներկայացնեն տվյալներ, և ըստ այդմ՝ կիրականացվեն վճարումները: