Չնայած 2020 թ. մարտից երկրում, կորոնավիրուսի համավարակով պայմանավորված, սահմանվել էր արտակարգ դրություն, եղան արտահանման և ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ, այնուհետ Հայաստանում սահմանվեց ռազմական դրություն, այնուամենայնիվ, ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2020 թ. արձանագրել է բացահայտումների աննախադեպ աճ, ինչը ակնհայտ է դառնում, երբ համադրում ենք նախորդ տարիների ցուցանիշները: Այս մասին այսօր հրավիրված ասուլիսում ասաց ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, մաքսային ծառայության գնդապետ Վարդան Վարդանյանը՝ ներկայացնելով 2020 թ. ընթացքում մաքսանենգության և մաքսային իրավախախտումների դեպքերի բացահայտման ուղղությամբ իրականացված աշխատանքները:
«Մասնավորապես, մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից 2020 թ. ընթացքում տարված աշխատանքների, այդ թվում՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների, ինչպես նաև մաքսային հսկողության հետ կապված գործառույթների արդյունքում արձանագրվել է մաքսային իրավախախտումների 426 դեպք, ինչը գերազանցում է 2018 թ. ցուցանիշը 141 տոկոսով: Մենք 2018 թ. ունեցել ենք իրավախախտումների 177 դեպք և 2019-ի ցուցանիշները՝ 112 տոկոսով: 2019-ին ունեցել ենք 202 իրավախախտում: Հայտնաբերված 426 դեպքից 296-ը հանդիսացել են մաքսանենգության դեպքեր, որոնցով հարուցվել են քրեական գործեր, իսկ 130 դեպքով էլ սկսվել է վարչական վարույթ»,- տեղեկացրեց Վարդանյանը:
Նրա խոսքով՝ համադրելով վերջին երեք տարիների ցուցանիշները՝ ակնհայտ է դառնում, որ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից ապահովվել է բացահայտումների դինամիկ աճ, իսկ 2020 թ. բացահայտումների ցուցանիշը լավագույն ցուցանիշն է վերջին 10 տարիների ընթացքում:
Վարդան Վարդանյանը տեղեկացրեց նաև, որ կտրուկ աճել են փոստային առաքումների միջոցով թմրանյութերի ներմուծման դեպքերը, իսկ թմրամիջոցի ներմուծումը ցամաքային սահմանով նվազել է:
«Նշվածը պայմանավորված է նրանով, որ 2020 թ. փետրվարի վերջից ուղևորների և հետիոտների համար հայ-իրանական սահմանը փակվել է, մինչդեռ կորոնավիրուսի հասմավարակով պայմանավորված սահմանափակումները չեն տարածվել փոստային առաքանիների վրա»,- տեղեկացրեց բանախոսը: