Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության պետ, Մ/Ծ գնդապետ Վարդան Վարդանյանը 2020 թվականի ընթացքում մաքսանենգության և մաքսային իրավախախտումների դեպքերի բացահայտմանն ուղղված աշխատանքները ներկայացնելիս հայտնել է՝ 2020 թ. հայտնաբերվել և ապօրինի շրջանառությունից դուրս են բերվել 6,1 կգ «մեթամֆետամին», 5,2 կգ «ափիոն», 3,1 կգ «մարիխուանա», 2,9 կգ «կետամին», 1,6 կգ «հերոին» տեսակների թմրամիջոցներ, ինչպես նաև ԼՍԴ տեսակի թմրանյութի պարունակությամբ 1300 բլոտտեր, ՄԴՄԱ («Էքսթզի») տեսակի՝ 591,5 դեղահաբ, հաշիշի յուղի պարունակությամբ էլեկտրոնային 83 սիգարետներ և մուշտուկներ, թմրամիջոց և հոգեմետ նյութ պարունակող 31,709 դեղահաբ և դեղապատիճ: Ի դեպ, 2020 թ. ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության կողմից հայտնաբերվել են նաև սուրհանդակային առաքումների միջոցով ՀՀ ներմուծված 2 տեսակի թմրանյութ, որոնք ներառված չեն եղել ՀՀ-ում հսկվող թմրամիջոցների ցանկում («ԻԷՄԲԻ-ՖՈՒԲԻՆԱԿԱ» և «ԴԻՓԻԹԻ» կամ Դիպրոպիլտրիպտամին):
Պետական եկամուտների կոմիտեի առաջարկով նյութերից մեկն ընդգրկվել է ՀՀ կառավարության` 2018 թվականի հունիսի 27-ի N 707-Ն որոշման 1-ին հավելվածում, իսկ մյուսն էլ կընդգրկվի մոտ ապագայում՝ դրանց շրջանառությունը նույնպես արգելելով Հայաստանում:
Մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը 2020 թ. կանխել է թմրամիջոցների տարանցիկ տեղափոխման 5 փորձ: «Թմրամիջոցների տարանցիկ տեղափոխման դեպքում գործ ենք ունենում անդրազգային կազմակերպված հանցավոր խմբերի հետ, և նրանց գործունեության դեմ արդյունավետ պայքարի իրականացումը մեր առջև դրված առաջնային խնդիրներից է»,- ընդգծում է Վարդան Վարդանյանը:
Հայկական շուկայի համար նախատեսված թմրամիջոցները և հոգեմետ նյութերը բացահայտվել են հիմնականում միջազգային փոստային և սուրհանդակային առաքումների միջոցով ներմուծումների ժամանակ: Մասնավորապես՝ փոստային առաքումների միջոցով բացահայտվել է Հայաստան տեղափոխված թմրամիջոցների և հոգեմետ նյութերի 240 դեպք, որը կազմում է թմրամիջոցների ընդհանուր դեպքերի 82%-ը: Փոստային առաքանիներով ներմուծված թմրամիջոցների շուրջ 60%-ը ուղարկվել է ԱՄՆ-ից (145 դեպք), ավելի քան 22%-ն էլ Ֆրանսիայից (55 դեպք): Հաշվի առնելով փոստային առաքանիներով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի ներմուծման դեպքերի աճը` վարչության պետը հորդորել է քաղաքացիներին զերծ մնալ այսպիսի նյութերի պարունակությամբ դեղամիջոցների ներմուծումից:
Փոխարենը՝ Իրանից թմրամիջոցների ապօրինի ներմուծման նվազում է արձանագրվել՝ համավարակի պատճառով ուղևորների համար հայ-իրանական սահմանի փակմամբ պայամանվորված: Այդուհանդերձ, Իրանից հայկական շուկայի համար թմրամիջոցների ներմուծման 6 դեպք է բացահայտվել (2019 թվականին 37 դեպք) մեծամասամբ «Ագարակ» պետական սահմանի անցման կետում: Ներմուծվել են «ափիոն», «մեթամֆետամին», «հերոին» տեսակի թմրանյութեր: 2020 թվականին թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մաքսանենգության 37 դեպք էլ բացահայտվել է «Զվարթնոց» օդանավակայանում:
Վարդան Վարդանյանի դիտարկմամբ` թմրամիջոցների ապօրինի տեղափոխմանն արդյունավետ հակազդելու գործում առանցքային տեղ է զբաղեցնում Մաքսանենգության դեմ պայքարի վարչության շնագիտական կենտրոնը: 2020թ. իրականացված բարեփոխումների արդյունքում շնագիտական բաժնի 4 կինոլոգ 4 ծառայողական շան հետ միասին շաբաթական 7 օր՝ 24 ժամ, հերթապահություն են իրականացնում «Ագարակ» և «Բագրատաշեն» պետական սահմանի անցման կետերում:
2020թ. ընթացքում ՄԴՊ վարչությունը հայտնաբերել է նաև 121 բջջային հեռախոս, շուրջ 1 կգ ոսկյա զարդեր, շուրջ 72 կգ թմրանյութ և հոգեմետ նյութ չպարունակող դեղամիջոցներ, սննդամթերք, հագուստ, ավտոմեքենայի պահեստամասեր և այլ ապրանքներ: Կրկնակի աճել է ՀՀ ներմուծված տրանսպորտային միջոցների հետ կապված իրավախախտումներով հարուցված վարչական վարույթների քանակը (2020թ.` 55 դեպք, 2019թ.` 22 դեպք):
2020 թվականին ակտիվ է եղել իրավապահ մարմինների և միջազգային կառույցների հետ համագործակցությունը հատկապես թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ իրականացվող պայքարում: Ընդլայնվել է գործակցությունը ԱՄՆ արդարադատության դեպարտամենտի թմրամիջոցների դեմ պայքարի վարչության (DEA) հետ: Արդյունավետ համագործակցության արդյունքում՝ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության գրասենյակի ֆինանսավորմամբ 2020 թվականին Պետական եկամուտների կոմիտեին նվիրաբերվեցին տարբեր նշանակության սարքավորումներ:
2020թ. ՄԴՊ վարչության օպերատիվ հետախուզության բաժնի հերթապահ բաժանմունքում գործարկվել է «Թեժ գիծ» ծառայություն: Մաքսային իրավախախտումների վերաբերյալ քաղաքացիները կարող են հաղորդում ներկայացնել շուրջօրյա և անանուն: