Արցախյան վերջին պատերազմի պատճառով բնակչության 15-20 տոկոսի մոտ հետտրավմատիկ սթրեսային խանգարում է առաջացել: Հոգեբանական մթնոլորտի առողջացման համար վերականգնողական միջոցառում է ձեռնարկել Կառավարությունը:
Անդրանիկ Փիլոյան (ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար) - Վարչապետի նոյեմբերի 18-ի ճանապարհային քարտեզի 7-րդ կետի մասով կար դրույթ, որում անհրաժեշտություն կար ուշադրություն դարձնել մեր հասարակության հոգեբանական առողջացման խնդիրների լուծմանը:
Մշակվել է հանրության հոգեբանական վերականգնման կարգը: Հնարավոր կլինի մասնագիտական աջակցություն ցուցաբերել ոչ միայն պատերազմական գործողություններին ուղղակի առնչվող անձանց:
Անդրանիկ Փիլոյան - Աշխատանքները կատարելու ենք փուլային: Սկզբնական շրջանում նախորոշել ենք հոգեբանական աջակցություն ցուցաբերել անհետ կորած, գերության մեջ գտնվող ինչպես զինծառայողներին, այնպես էլ նրանց ընտանիքներին:
Հաջորդ փուլով աշխատանքները կիրականացվեն՝
1. ռազմական գործողությունների ընթացքում վիրավորում կամ հաշմանդամություն ստացած անձանց, և նրանց ընտանիքի անդամների հետ.
2. զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց ընտանիքի անդամների հետ.
3. ռազմական գործողություններին մասնակցած անձանց, այդ թվում՝ զորահավաքային զորակոչով ներգրավվածների և կամավորականների հետ.
4. տեղահանվածների հետ (հոգեբանական թեժ գծի աջակցությամբ).
5. ուղղակի մասնակցություն չունեցող անձանց հետ (հոգեբանական թեժ գծի աջակցությամբ):
Թիրախային խմբերում ընդգրկված անձանց հետ նախատեսված է անցկացնել 1-1,5 ժամ տևողությամբ 8 սեանս:
Ըստ հոգեբանական վերականգնման կարգի կմատուցվի՝
1. անհատական հոգեբանական աջակցություն և հոգեթերապիա.
2. խմբային հոգեբանական աջակցություն և հոգեթերապիա.
3. առցանց կամ հեռախոսով տրամադրվող հոգեբանական աջակցություն
4. հոգեբանների շարժական խմբերի ծառայություն
5. հոգեբանական թեժ գծի ծառայություն
6. ընդհանուր հասանելիության մատչելի տեսաշարերի նկարահանում և ցուցադրում` հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի գործիքների առկայությամբ
7. էլեկտրոնային հարթակների միջոցով ծառայություն:
Նախարարությունում մտավախություն կա, որ քաղաքացիների շրջանում տարածված վախը «հոգեբան» բառից և «հոգեթեարապիա» երևույթից կարող է խոչընդոտել ծրագրին լիարժեք մասնակցությանը:
Անդրանիկ Փիլոյան - Որոշ մտավախություն կա, սակայն մենք նաև այս աշխատանքների ընթացքում փորձելու ենք ներկայացնել տեսաերիզներ և հանրությանը լայնորեն լուսաբանենք կատարվող աշխատանքների ու նաև մոտեցումների մասին:
Պատերազմին հաջորդած ամիսներին կառույցի հոգեբանական կենտրոնի աշխատակիցների միջոցով 360 քաղաքացի աջակցություն է ստացել՝ անցյալում թողնելով սթրեսը: Սա փոքր թիվ է, ակնկալվող արդյունքը ծրագրի մեկնակից հետո բազմակի ավելի կլինի:
Անդրանիկ Փիլոյան - Մեր հաշվարկներով արդեն եկող շաբաթ կհայտարարենք հրատապ մրցույթ, այն կազմակերպությունը, որը կհաղթի մրցույթում, մեր հաշվարկներով ապրիլի առաջին տանսնօրյակից կարող է սկսել աշխատանքը:
Մրցույթում հաղթող կարող է ճանաչվել հոգեբանական աջակցության ցուցաբերման առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ և 30 աշխատակից ունեցող կազմակերպություն: Աշխատանքի վերահսկողությունը իրականացվելու է շաբաթական հաշվետվությունների միջոցով: Աջակցություն ստացողները հոգեբանի հետ աշխատելուց առաջ և հետո լրացնելու են հարցաշար: Դրանց համեմատության միջոցով է որոշվելու աշխատանքի արդյունավետությունը: