Այսօր տեղի է ունեցել «Հայերն այսօր» քառալեզու կայքի շնորհանդեսը: Այն Հայաստանն ու Սփյուռքը իրար կապող յուրօրինակ տեղեկատվական կամուրջ է: Սփյուռքում ապրող մեր հայրենակիցները կայքում կգտնեն Հայաստանի մասին այն ամենը, ինչ իրենց հետաքրքրում է: Մինչև անգամ, թե ինչպես վերադառնալ Հայրենիք, ու ինչով զբաղվել Հայաստանում:
Կներկայացվեն հայրենադարձների խնդիրներից մինչև հաջողության պատմություններ: Տեղեկատվական հարթակում տեղ կգտնեն նաև աշխարհի տարբեր անկյուններում ապրող հայերի կյանքի, կենցաղի, գործունեության մասին պատմություններ: Կայքի լեզուներն են ինչպես արևելահայերենն ու արևմտահայերենը, այնպես էլ անգլերենն ու ռուսերենը:
Վիտալի Գրիգորյան («Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ սփյուռքի բաժնի խմբագիր) - «Հայերն այսօր»-ը սովորական լրատվական կայք չէ: Այնտեղից կարող են իմանալ հայրենադարձությունից մինչև սովորական լուրեր Հայաստանի մասին, և մենք առանձնացրել ենք բաժիններ, օրինակ՝ նույն այդ հայրենադարձի ուղեցույցը, որում կարող ես կարդալ, տեսնել, թե ինչպես կարելի է Հայաստանում անձնագիր ստանալ, բուժօգնություն ստանալ կամ օրինակ՝ ինչպես կարելի է անձնական գույքը բերել Հայաստան:
Լյուսի Վանա Կարապետյան («Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ սփյուռքի բաժնի ղեկավար) - Որպեսզի սփյուռքը տեղեկացված լինի հայաստանյան իրադարձություններից և այն մարդկանց մասին, ովքեր վերադարձել են հայաստան և անցել են դժվարությունների միջով, այդ ամենը մենք պետք է վիզուալացնենք, որ ով ուզում է էլի վերադառնալ, իրենք տեսնեն և հասկանան՝ ինչի միջով պետք է անցնեն, որ էլի չկրկնվեն այդ խնդիրները, բայց «Հայերն այսօր»-ի հիմնական առաքելությունն է՝ դառնա տեղեկատվական կամուրջ, կապի Հայաստանը Սփյուռքի հետ: