Արցախի Հանրապետություն այցելել ցանկացող օտարերկրյա պետությունների քաղաքացիները նախապես պետք է դիմեն Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն՝ Արցախ մուտք գործելու թույլտվություն ստանալու համար:
Սա Արցախի արտգործնախարարության հայտարարությունն է։ Արցախ մուտք գործելու կարգն էապես չի փոխվել՝ ասում է Հայաստանում Արցախի ներկայացուցչության հյուպատոսական բաժնի պատասխանատուն։ Հետպատերազմյան իրավիճակով պայմանավորված՝ փոփոխություններ են արվել անվտանգության նկատառումներից ելնելով։ Վերջին օրերին սոցցանցերում տարածվող լուրը, թե Արցախ մուտք գործելն անվտանգ չէ, հերքում է ներկայացուցչության հյուպատոսական բաժնի պետի պաշտոնակատարը։
Լուսինե Ստեփանյան (ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցչության հյուպատոսական բաժնի պետի պաշտոնակատար) - Անդրադառնալով վերջերս տարածված կարծիքին, թե Արցախ մուտք գործելը անվտանգ չէ, կամ Արցախի մուտքը որոշվում է ոչ արտաքին գործերի նախարարության կողմից, դա թյուր ինֆորմացիա է։ Ես կխնդրեմ, որ հետևեմ պաշտոնական ինֆորմացիային։
Որոշ փոփոխություններ են արվել Արցախի տարածք մուտք գործող օտարերկրյա քաղաքացիների ընթացակարգում: Ինչպես նախկինում, այժմ ևս օտարերկրյա քաղաքացիների համար գործում է վիզային ռեժիմը։ Սակայն հիմա վիզաները ոչ թե անմիջապես, այլ 3-4 օրվա ընթացքում են տրամադրում՝ ասում է Արցախի ներկայացուցչության հյուպատոսական բաժնի պետի պաշտոնակատարը։ Ռուսաստանի քաղաքացիների համար թեև վիզային ռեժիմ չկա, սակայն գործում է նախկին կարգը՝ փաստաթղթային ռեժիմը։ Արցախ մուտք գործելու համար ընդամենը տրամադրվում է գրանցման թերթիկ։
Լուսինե Ստեփանյան - Միակ փոփոխությունը այս պարագայում այն է, որ Արցախի արտաքին գործերի նախարարությունը պարզապես տեղեկացնում է խաղապահներին այցելել ցանկացող քաղաքացիների մասին, որպեսզի ապահովեն անվտանգությունը։
Հայաստանի քաղաքացիների համար մուտքն ընդհանրապես ազատ է։