Եթե քո ծրագրերը մեկ տարվա համար են` ցորեն ցանիր, եթե տասը տարվա համար են՝ այգի տնկիր, իսկ եթե հարյուր տարվա համար են՝ սերունդ կրթիր: Այսպես սկսեց ելույթը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հակոբ Ասլանյանը՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ:
«Ուզում եմ ասել, որ եթե այսօր մտահոգ ենք սերունդ կրթելու համար, ուրեմն պետք է անդրադառնանք այն բանին, թե այս օրենքը որքանով նոր հող է պատրաստում մեր երկրում կրթությունն էլ ավելի առաջ տանելու համար: Այստեղ խոսում են ամեն ինչից, բայց ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչու կոնկրետ կրթությունից չեն խոսում, չեն խոսում, թե այս օրենքն ինքն իրենով ինչ հնարավորություններ է ստեղծելու մեր ուսանողների համար, որոնք այս օրենքի ընդունումից հետո է՛լ ավելի սիրով, է՛լ ավելի նվիրված կգնան ինստիտուտ սովորելու: Չեն խոսում այն մասին, թե այս օրենքով ինչ ոգևորություն կամ ճիշտ հակառակը կլինի ուսանողի մոտ»,- ասաց պատգամավորը:
Ասլանյանն առաջարկեց օրենքի ընդունումից հետո մշակել նոր ձև, որով պետությունը շատ ուշադիր պետք է հետևի այն ուսանողներին, որոնք ինչ-ինչ պատճառներով չեն կարողանում իրենց վարձավճարները տալ, նրանց հետ պետությունը կնքի համապատասխան պայմանագիր, որպեսզի նրանք անպայման ստանան իրենց կրթությունը, բայց պայմանով, որ ավարտելուց հետո պետությունը նրանց կուղարկի իր ցանկացած տեղը այն ժամանակահատվածով, որի պայմաններում նա կվերադարձնի իրեն հատկացված գումարը»,- ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ կրթությունը ծախս չէ, կրթությունը ներդրում է: