ՀՀ նախագահի և ՀՀ ԿԳՄՍ նախարարի համապատասխան հրամաններով մարզաշխարհի շուրջ 4 տասնյակ ներկայացուցիչ արժանացել է կոչումների և մեդալների: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Մասնավորապես, ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի բնագավառում ունեցած վաստակի և բացառիկ ծառայությունների համար կրծքանշաններով ու մեդալներով պարգևատրվել են Հրաչյա Պետիկյանը, Դավիթ Դավթյանը, Ալբերտ Կարապետյանը և Վաչագան Վարդանյանը, մարզիչներ Գագիկ Սեդրակյանը (ծանրամարտ), Հայկ Նազարյանը (մարմնամարզություն), Սմբատ Հակոբյանը (ջրային մարզաձևեր), Վարդան Ադամյանը (թիավարության մարզաձևեր), Կարեն Ասմարյանը (վոլեյբոլ), Արարատ Սանթրյանը (շախմատ), Մովսես Կարապետյանը (հունահռոմեական ըմբշամարտ) և Ցոլակ Հարոյանը (ազատ ոճի ըմբշամարտ) ստացել են Վաստակավոր մարզչի պատվավոր կոչում, իսկ 26 մարզիկի շնորհվել է ՀՀ սպորտի վարպետի կոչում:
Այսօր ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է մարզաշխարհի ներկայացուցիչներին և նրանց հանձնել պարգևները: Ողջունելով և շնորհավորելով ներկաներին՝ նախարարի տեղակալն ընդգծել է, որ այդ կոչումները որքան ուրախացնող են, նույնքան էլ պետք է պարտավորեցնող լինեն. «Այսօր ըստ արժանվույն ենք մատուցում մարդկանց, ովքեր իրենց ցուցանիշների և կատարած աշխատանքի համար նվաճել են կոչումներ ստանալու իրավունքը: Հարգելի՛ պարգևատրվողներ, ձեր պարգևները վերստին փաստում են, որ տքնաջան և նվիրված աշխատանքը մեր հզորացման գրավականն են: Միևնույն ժամանակ որքան այս կոչումները ոգևորող են, այնքան էլ պետք է պարտավորեցնող լինեն, որպեսզի մարզիչներն ավելի շատ մեդալակիր սաներ ունենան, իսկ մարզիկները գիտակցեն՝ սա առաջին լուրջ քայլն է դեպի պրոֆեսիոնալ սպորտ: Ուրախ կլինեմ, եթե հետագայում ավելի շատ մարզիկներ և մարզիչներ արժանանան այս պատվին, ինչը կլինի հայկական սպորտի զարգացման վկայությունը»:
1992 թվականին Բարսելոնայում կայացած Օլիմպիական խաղերի չեմպիոն, հրաձիգ Հրաչյա Պետիկյանը, ում շնորհվել է «ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պատվավոր աշխատող» կրծքանշան, խոսել է պարգևատրման և իր մարզաձևի զարգացման հեռանկարների մասին. «Հաճելի է, որ ինձ դեռ չեն մոռացել: Շնորհակալ եմ: Գուցե առաջնային չէ, որ Հայաստանը հրաձգությունից մշտապես աշխարհի և Օլիմպիական խաղերի չեմպիոններ ունենա, սակայն հայ ազգը պետք է կրակողներ շատ ունենա: Ոլորտը զարգացնելու համար պարզապես պետք է խնդիրները ճիշտ սահմանենք և հստակ հասկանանք՝ ի՞նչ ենք ուզում մենք կյանքից և սպորտից ու ինչի՞ ենք պատրաստ ցանկալի արդյունքին հասնելու համար: Ինքս պատրաստ եմ օգնել»: