«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդևան Գրիգորյանի կարծիքով՝ անհասկանալի է՝ ինչու է նախարարը նշանակում բուհերի ռեկտորներին, եթե հոգաբարձուների խորհուրդը երեք թեկնածու է նշանակում: Պատգամավորի խոսքով՝ ռեկտորի նշանակումը հարկավոր է թողնել բուհի հայեցողությանը:
Նշենք՝ խորհրդարանում քննարկվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը:
ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը նշեց, որ բոլոր բուհերն էլ մեծ բարձունքների են հասել խորհրդային շրջանում, երբ ռեկտորները նշանակվում էին:
«Իմ կարծիքով՝ ցանկացած բուհում ամենաբարձր պաշտոնը ռեկտորինը չէ, այլ ամբիոնի վարիչ-պրոֆեսորինը, ինչպես դպրոցում ամենաբարձր պաշտոնը տնօրենինը չէ, այլ ուսուցչինը»,- ընդգծեց նախարարը:
Հիշեցնենք՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծով առաջարկվում է բուհի ռեկտորի ընտրության նոր մեխանիզմ: Բուհի ռեկտորը ընտրվում է կառավարման խորհրդի կողմից՝ ընտրանքային կարգով: Ընտրանքային փուլին մասնակցած և փակ, գաղտնի քվեարկությամբ մրցույթը հաղթահարած մինչև 3 թեկնածու կարող են խորհրդի որոշումով առաջադրվել լիազոր մարմնի ղեկավարի հաստատմանը: Նշանակված ռեկտորի հետ լիազոր մարմնի ղեկավարը կնքում է 5 տարի ժամկետով՝ սահմանված նմուշի պայմանագիր: Բուհում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը չի կարող լինել որևէ քաղաքական մարմնի ղեկավար անդամ: