Խորհրդարանը քննարկում է տևական ժամանակ քննարկումների փուլ անցած «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթը: Ոլորտի պատասխանատու նախարարը մանրամասն ներկայացրեց առաջարկվող առանցքային փոփոխությունները: Վահրամ Դումանյանի գնահատմամբ՝ հիմնական նորամուծություններից է անցումը բարձրագույն կրթության որակավորումների եռաստիճան համակարգի՝ բակալավր, մագիստրոս, դոկտոր:
Գործող համակարգը նախատեսում է երկաստիճան՝ բակալավր, մագիստրոս որակավորումների համակարգ:
Հաջորդ նորամուծությունը՝ բուհերը կանցնեն լրիվ կամ մասնակից բեռնվածության: Այժմ ուսուցումն իրականացվում է առկա կամ հեռակա ձևերով: Ըստ նախարարի՝ հեռակա ուսուցումն ազդեցություն է թողնում կրթության որակի վրա: Առաջարկվող փոփոխությամբ ուսանողները հնարավորություն կստանան կազմակերպելու իրենց ուսումնառության ինտենսիվությունը: Նախատեսվում է միջազգային բուհերի հետ համատեղ կրթական ծրագրեր իրականցնելու հնարավորություն: Կներդրվեն նաև բուհերի ընդունելության նոր մեխանիզմներ: Օրինակ՝ անկախ մասնագիտությունից և բուհից ընդունելության համար պարտադիր կլինի հայոց լեզվի քննությունը:
Կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով բուհերի կառավարման խորհուրդը կազմված կլինի 9 անդամից, որոնցից 4-ին կընտրի համալսարանի ակադեմիական խորհուրդը, 5-ին կնշանակի լիազոր մարմինը: Պետական կամ քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամակցությունը կարգելվի: Նախատեսվում է բուհի ռեկտորի ընտրության նոր մեխանիզմ: Ռեկտորը կընտրվի կառավարման խորհրդի կողմից ընտրանքային կարգով:
Ընտրանքային փուլին մասնակցած և փակ, գաղտնի քվեարկությամբ մրցույթը հաղթահարած մինչև 3 թեկնածու կարող են խորհրդի որոշումով առաջադրվել լիազոր մարմնի ղեկավարի հաստատմանը: Նշանակված ռեկտորի հետ լիազոր մարմնի ղեկավարը կնքում է 5 տարի ժամկետով սահմանված նմուշի պայմանագիր: Բուհում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը չի կարող լինել որևէ քաղաքական մարմնի ղեկավար անդամ:
Նախագծի ընդունվելու դեպքում Երևանի պետական համալսարանը կստանա հատուկ կարգավիճակ: Այս և մի շարք այլ դրույթներ դարձան նախարարի և պատգամավորների բանավեճի պատճառ: Կրթության ոլորտից օրենսդիրներն անցան փոխադարձ վիրավորանքների: «Լուսավոր Հայաստանից» Գորգիսյանը դիմեց Վահրամ Դումանյանին՝ Մայր բուհը կրթության, գիտության, մշակույթի բացառիկ հաստատություն ներկայացնելն ակադեմիական ռասիզմի դրսևորում է:
Պատգամավորներին զգույշ արտահայտվելու կոչ արեց «Իմ քայլից» Հովհաննես Հովհաննիսյանը, ապա պնդեց՝ նախագծով փակվում է բուհերի քաղաքականացվածության էջը. կուսակցական, քաղաքական ղեկավար պաշտոնյաներ չեն կարող լինել խորհուրդների անդամներ: Հովհաննիսյանը նկատեց՝ առանցքային դրույթները թողած՝ քննարկվում է ռեկտորի նշանակման հարցը:
Կառավարման խորհրդի կողմից ռեկտորի ընտրությունը սուր քննադատության արժանացրեց նաև «Բարգավաճ Հայաստանը»: Նաիրա Զոհրաբյանը համոզմունք հայտնեց՝ խորհրդի կազմի 5 անդամի ընտրությունը լինելու է քաղաքական պատվեր: Նույն տրամաբանությամբ էլ ընտրվելու է ռեկտորը:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր
Նախագիծն ապաքաղաքական է՝ ամբիոնից նման պնդում արեց «Իմ քայլից» Մխիթար Հայրապետյանը: Նախագիծը քվեարկության կդրվի վաղը: