Եթե որևէ բուհի, որևէ մարմնի տալիս ես առանձնահատուկ կարգավիճակ, այդ բուհը կամ մարմինը, օգտվելով տրված արտոնությունից, դառնում է դանդաղաշարժ, ոչ մրցունակ, ոչ ճկուն: Այդ մասին ԱԺ-ում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկմանն ասաց «Իմ քայլը» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը՝ խոսելով ԵՊՀ-ին հատուկ կարգավիճակ տալու որոշման մասին:
«Ուզում եմ ԵՊՀ-ն լավագույն բուհը լինի Հայաստանում, բայց դրա համար ԵՊՀ-ն պետք է գործի նույն մրցակցային պայմաններում, որպեսզի մյուս բուհերը չգան, նրան անցնեն: Դա ԵՊՀ-ի շահերից է բխում»,- ընդգծեց պատգամավորը:
Պապոյանն ասաց, որ բուհերի կառավարման խորհուրդները պետք է լինեն վերբուհական կառույցներ, կարողանան խնդիրներ լուծել, արբիտրի դեր կատարել և դառնալ ներդրում բերող հիմնարկներ: «Կարո՞ղ է բուհի դասախոսը կամ ուսանողը փող բերել՝ դժվար թե»,- նշեց նա:
Հիշեցնենք՝ նախագծով առաջարկվում է կառավարման խորհրդի կազմը նախկին 24 կամ 32 անդամի փոխարեն (ըստ բուհի չափի) սահմանել 9 հոգի, որոնցից 4-ին ընտրում է համալսարանի ակադեմիական խորհուրդը՝ դասախոսա-ուսանողական համակազմից, ինչպես նաև բուհի հետ համագործակցող գործատուներից, 5-ը նշանակում է լիազոր մարմնի ղեկավարը՝ գիտության, կրթության, մշակույթի և գործարար շրջանակներից: