Այսօր խորհրդարան էր այցելել ՀՅԴ խմբակցության նախկին պատգամավոր Աղվան Վարդանյանը:
«Լուրերին» հայտնի դարձավ, որ նա եղել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հրանտ Մադաթյանի մոտ: Լրագրողները փորձել են հասկանալ, թե ինչ է անում Վարդանյանը խորհրդարանում:
Աղվան Վարդանյանը լրագրողների հարցերին պատասխանելիս բացառապես վիրավորական արտահայտություններ է թույլ տվել իշխանությունների հասցեին:
«Լուրերի» լրագրողի դիտարկումը, թե Վարդանյանն իր խոսքում ասել է, որ Ռոբերտ Քոչարյանը ոչ մի գործ իր ղեկավարման տարիների ընթացքում կիսատ չի թողել, բայց ունենք փաստացի չկանխված Հոկտեմբերի 27, Մարտի 1, Աղվան Վարդանյանն ընդհատել է՝ հետաքրքրվելով, թե ով է իրեն հարց տվող լրագրողը:
«Հանրային հեռուստաընկերություն: Չի կարելի, դուք ձեր պատասխանն արդեն ստացել եք: Գնացեք, զբաղվեք Հոկտեմբերի 27-ով, Մարտի 1-ով և ձեր մյուս...»,- կոպտել է Վարդանյանը:
«Լուրերի» լրագրողի դիտարկմանը, թե ինքը դեռ չի վերջացրել հարցը՝ Վարդանյանը պատասխանել է՝ վերջացրեք:
«Պարոն Քոչարյանն ասաց, որ եթե ինքը լիներ վարչապետ, կկանխեր պատերազմը. ինչպե՞ս կմեկնաբանեք»,- հարցրել է մեր թղթակիցը:
«Թույլ տվեք բացառություն անել և Հանրային հեռուստատեսության հարցին կես բառով պատասխանել՝ դիմեք պարոն Քոչարյանին անձամբ, գնացեք, հարցազրույց վերցրեք, դիմեք պարոն Քոչարյանի գրասենյակ և ձեր հարցերն ուղղեք: Ես Աղվան Վարդանյանն եմ, անհատ, քաղաքացի և որպես քաղաքացի եկել եմ ԱԺ՝ ձեզ մոտ»,- պատասխանել է Վարդանյանը:
Հիշեցնենք՝ 2018 թ. ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը, «քննելով Աղվան Վարդանյանի կարգապահական հարցը», նրան հեռացրել է ՀՅԴ շարքերից: