Այսօր Հայաստանի բանկերի միությունում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության պետական նախարար, ֆինանսների նախարար Գրիգորի Մարտիրոսյանի հանդիպումը Արցախում վարկավորում իրականացրած բանկերի ղեկավարների հետ՝ հայտնում են ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայությունից:
Հանդիպման շրջանակներում պետական նախարարը ներկայացրել է ստեղծված իրավիճակում Արցախի Հանրապետության կառավարության կողմից վարվող սոցիալ-տնտեսական և ֆինանսաբյուջետային քաղաքականության առաջնահերթությունները: Գրիգորի Մարտիրոսյանի խոսքով՝ ԱՀ կառավարության մշակած՝ պետական աջակցության ծրագրի նախագծի հաստատման դեպքում առաջիկայում պետական աջակցությունից կկարողանան օգտվել ֆիզիկական և իրավաբանական այն անձինք, որոնք ունեն մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ը ստացած հիպոթեքային, բիզնես և սպառողական վարկեր ու փոխառություններ։
Կարևորելով սերտ համագործակցությունը Արցախում գործող ֆինանսական կառույցների հետ՝ առևտրային բանկերի ղեկավարները ներկայացրել են ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Արցախում վարկավորում իրականացրած բանկերի կողմից վարկառուների աջակցությանն ուղղված ծրագրերի մանրամասները:
Մասնավորապես՝ 2020 թ. հոկտեմբեր ամսից մինչ 2021 թ. մարտի 31-ը ֆիզիկական անձ վարկառուների մինչև 30 մլն դրամ կամ համարժեք արտարժույթի մնացորդով վարկային պարտավորությունների մասով (բացառությամբ հիփոթեքային և ոսկու գրավով վարկերի) տրամադրվել է մայր գումարների գծով արտոնյալ ժամկետ, համապատասխանաբար երկարաձգվել է նաև վարկի մարման ժամկետը:
Մայր գումարի մասով արտոնյալ ժամկետ ստացած վարկերի գծով շարունակել են իրականացվել տոկոսագումարների մարումներ:
Իրավաբանական անձ վարկառուների մասով ևս բանկերը ցուցաբերել են անհատական մոտեցում և հնարավորության դեպքում կիրառվել են համապատասխան մեղմացումներ:
Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համատեղ աշխատանքին և համագործակցության զարգացմանն ուղղված պատրաստակամությունը։