ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության քարտուղար Գևորգ Գորգիսյանը կարևոր է համարում «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը: Իր ելույթում պատգամավորը նշեց, թե օրինագծով կարգավորվում են բազմաթիվ ոլորտներ՝ սկսած կրեդիտային համակարգերով աշխատելու՝ մինչբուհական ազատությունից, ֆինանսավորման ձևի փոփոխությունից, որի դեպքում արդեն գումարը գնալու է ուսանողին և ոչ թե բուհերին:
«Մենք ստեղծում ենք մրցակցային պայմաններ՝ դրանով իսկ կարևորելով, որ բուհերը մրցակցելով բերեն ավելի լավ կրթական որակ և կրթական ծրագրեր: Այստեղ կարևոր է, որ այդ մրցակցային պայմանները բոլորի համար հավասար լինեն: Եթե մենք որևէ բուհ առանձնացնում ենք՝ նրա համար ստեղծելով առանձնակի պայմաններ՝ մենք խաթարում ենք այս ամբողջ մրցակցային պայմանները և ստեղծում ենք պայմաններ, որ նույն այդ ուսանողների հոսքը գնալու է մի տեղ, որովհետև այնտեղ այլ ֆինանսական աղբյուրներից լինելու են այլ ծրագրեր, այլ մոտեցումներ, այլ հնարավորություններ, որից զրկված են լինելու այլ բուհերը, թեև բոլորը պետական բուհեր են՝ հիմնադրված ՀՀ-ի կողմից»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ կարևորում է այդ դրույթի վերանայումը, որպեսզի հավասար մրցակցային պայմաններ լինեն:
Պատգամավորի խոսքով՝ բուհերի կառավարման մեջ շատ անտեսված է ուսխորհուրդների, ուսանողների դերը, և կցանկանար դրան նույնպես անդրադարձ կատարել՝ հասկանալու համար, թե ինչ է բաց թողնվում:
«Կարծեմ, հիմա գործող կարգավորումներով ուսխորհուրդները բուհի ինքնակառավարմանն ունեն 25 տոկոս մասնակցություն, և հիմա որևէ նմանատիպ սահմանում չկա: Գումարած՝ ուսխորհուրդների կանոնադրությունը պետք է ակադեմիական խորհուրդը սահմանի, ինչն արդեն ուսխորհուրդների ազատության համար է լրջագույն խնդիրներ ստեղծում»,- ասաց Գորգիսյանը:
Պատգամավորի կարծիքով՝ լավ կլիներ, որ այն քաղաքացիների համար, որոնք մասնակցել են ռազմական, մարտական գործողություններին կամ պետության համար առաջնահերթ պրոցեսներին, հենց օրենքի մակարդակով կանխատեսելի արտոնություններ ֆիքսվեին: