ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց, որ գիտության ֆինանսավորումը պետք է ավելացնել, բայց դրան պետք է հասնել ոչ ստանդարտ ճանապարհով:
«Հեղափոխությունից հետո, երբ զանազան պայքարների շրջափուլ էինք անցնում, օլիգարխների դեմ պայքար էր ազդարարվում, մի քանի անգամ առիթ եմ ունեցել ասելու, որ այդ մարդկանց ունեցվածքը պետք է ուղղորդել դեպի գիտություն, և այդ մարդկանց պետք է խրախուսել, որ ներդրումներ անեն գիտության մեջ»,- նշեց պատգամավորը՝ բերելով Վրաստանի օրինակը:
Գիտությունը պետության անվտանգության կարևորագույն մասն է: Անկախ պետության աշխարհագրական չափերից և բնակչության քանակից՝ փոքր պետությունները կարող են համընթաց քայլել աշխարհի հետ՝ բացառապես և միայն առաջադրված գիտական խնդիրների և դրանց հասնելու հետևողական աշխատանքի շնորհիվ:
«Գիտությունն անվտանգության խնդիրներին համադրելը հնարավոր է միայն այն դեպքում, երբ մենք կկարողանանք Հայաստանի գիտական ներուժը, գիտության զարգացումը փոխկապակցել միջազգային գիտության զարգացման համակարգերի հետ այնպես ու այնքան, որ Հայաստանի ու տարածաշրջանի դեմ ուղղված ցանկացած ոտնձգություն այդպիսին կհամարվի նաև համաշխարհային անվտանգության համար:
Անքննելի է, որ մեր երկրի համար չափազանց կարևոր ու էական հարց է մեր երկրի անվտանգությունը: Պատերազմում պարտությունից հետո խոսվում է տեխնոլոգիական առաջընթացի մասին, ռազմարդյունաբերության մասին, գիտությունն այդ ուղղությամբ ուղղելու անհրաժեշտության մասին, բայց այս հասկացությունները մեր ժամանակներում սոսկ գիտության հետ առնչելը բավարար չէ: Սա մեծապես արտաքին քաղաքական հարց է: Ես ուզում եմ, որ մենք գիտության զարգացումը պայմանավորենք նաև արտաքին քաղաքականության մեջ մեր երկրի դիվերսիֆիկացման տեսանկյունից»,- նշեց պատգամավորը: