Պատերազմից անցել է 3 ամիս, բայց փաստահավաք խումբ ստեղծելու «Լուսավոր Հայաստանի» առաջարկն այդպես էլ թղթից գործ չի դարձել՝ Ազգային ժողով եկած վարչապետին դիմեց Էդմոն Մարուքյանը։ Նախապատերազմյան շրջանը, սպառազինության համալրումը, պատերազմի ընթացքում կառավարման արդյունավետությունը, բանակցությունների փուլը... Մարդիկ ուզում են իմանալ, թե ի՞նչ է տեղի ունեցել՝ պնդեց ընդդիմադիր խմբակցության ղեկավարը։
Պատերազմի հանգամանքները քննելու համար օրենսդրությունը հստակ կարգ է սահմանում խորհրդարանում՝ քննիչ հանձնաժողովի ձևաչափով՝ ասաց վարչապետը։ Իսկ իրավապահներն արդեն պատերազմին առնչվող 1000-ից ավելի գործ են քննում։ Փաշինյանը համակարծիք է՝ ճշմարտության մինչև վերջին դետալը պետք է պարզվի, բայց նախ այդ քրեական գործերով պետք է տրվեն հարցերի պատասխանները։
Երեկ Հայաստան վերադարձավ ևս 5 գերի, բայց Շիրակում դժգոհությունը չի մարում, դեռ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ծնողները միջպետական ճանապարհ են փակում, ցանկանում հանդիպել վարչապետի հետ՝ սա էլ նկատեց հյուսիսային մարզից ընտրված պատգամավորը։ Նազելի Բադղասարյանին Փաշինյանը վստահեցրեց՝ գերիների թեման կառավարության համար առաջնահերթություն է, թեև իրենք էլ գոհ չեն այս պահին ունեցած արդյունքներից։ Երկրի ղեկավարն ասում է՝ ծրագրում է այցելել Շիրակ, անպայման հանդիպել գերիների ծնողների հետ։
Գործընթացում նաև ռուսական կողմն է ակտիվ ներգրավված՝ վստահեցրեց Փաշինյանը, հիշեցրեց՝ գերիների, պատանդների ու պահվող անձանց փոխանակման մասին նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետը, իսկ դրա տակ նաև Դաշնության նախագահի ստորագրությունն է դրված։
Եղած փաստաթղթերի թեման շարունակեց «Լուսավոր Հայաստանից» Կարեն Սիմոնյանը: Ասաց՝ երեկ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել էր միայն Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված մի հուշագիր, որը վերաբերում է սահմանային պայմանավորվածությունների, արդյո՞ք դա իրական է։
Ավինյանն առաջարկեց թեմայի մանրամասները քննարկել փակ ձևաչափով՝ հանձնաժողովներում կամ խմբակցությունում, եթե հետաքրքրող հարցեր կան։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանն էլ ահազանգ էր ստացել, որ Սյունիքի Սրաշեն ու Շիկահող համայնքերում մարդիկ անկանոն կրակոցներ են լսել։ Պաշտպանության նախարարն ասաց՝ ահազանգի լուրը կճշտի։ Հարությունյանն ընդհանուր իրավիճակից խոսեց. դեկտեմբերից մինչև այսօր շփման գծում սպանություն չի եղել, Շուշիի կողմից մեկ անձ է վիրավորվել, իսկ զինադադարի խախտումներ կան, բայց օրական մոտ հինգ փամփուշտ ադրբեջանցիներն օդ են կրակում, դրանք ուղղված չեն հայկական դիրքերին՝ պարզաբանեց նախարարը։
Սյունիքի թեման Արմեն Խաչատրյանը շարունակեց՝ հետաքրրքվեց, թե ինչ փոխհատուցում է տրվելու սահմանային ճշգրտումների արդյունքում տունը, հողը, բիզնեսը կորցրած քաղաքացիներին։ Փոխվարչապետը հստակեցրեց՝ ժամանակավոր վիճարկելի տարածքներում տուն ունեցողներին՝ մեկ անձին միանվագ կտրամադրվի 300 հազար դրամ, 6 ամիս էլ՝ 68 հազար դրամ, մինչև կլուծի տանիքի խնդիրը։
Պատերազմից հետո «Իմ քայլը» լքած Գոռ Գևորգյան էլ մտահոգված էր Կարսում՝ իր բնորոշմամբ հարևան երկու թշնամական պետության համատեղ զորավարժություններով։ Արտգործնախարարը չհերքեց՝ իրավիճակը բարդ է, բայց մեր երկրի հիմնական նպատակը Հայաստանի ու Արցախի շուրջ անվտանգային մթնոլորտն ամրապնդելն է։ Արա Այվազյանը վստահ է՝ միջազգային հանրության ճնշման ներքո Թուրքիան պետք է վերադառնա բնականոն գործընթացի, Հայաստանի հանդեպ շրջափակում կիրառելու պատճառ այդ երկիրն այլևս չունի։
«Լուսավոր Հայաստանից» Արկադի Խաչատրյանն էլ երկրում ռազմական դրությունը պահպանելու հարցն առաջ քաշեց՝ պատերազմից երեք ամիս անց դեռ պահպանվո՞ւմ են դրա հիմքերը, թե՞ քաղաքական շարժառիթներ կան՝ հարցրեց պատգամավորը։
Ինչո՞ւ է կառավարությունը հրաժարվել արտահերթ ընտրություններ իրականացնելու գաղափարից՝ «Իմ քայլի» վերջին հայտարարության մասին վարչապետին հարցրեց Արման Բաբաջանյանը։ Անկախ պատգամավորը վստահ է՝ մարդիկ կայունություն են ուզում ու դա տեսնում են արտահերթ ընտրությունների ճանապարհով։ Փաշինյանը պարզաբանեց՝ իրենց առաջ քաշած քաղաքական օրակարգը մերժել են խորհրդարանական ուժերը, որոնց դիրքորոշումն, ի դեպ, այս հարցում առանցքային էր։
Պատերազմից հետո միակ պահանջը եղել է ձեր հրաժարականը՝ վարչապետին դիմեց «Լուսավոր Հայաստանի» քարտուղարը, հարցրեց՝ մինչև ե՞րբ եք պետական շահը ստորադասելու ձեր պաշտոն ունենալուն։ Արձագանքի համար ամբիոնին մոտեցավ փոխվարչապետը, հիշեցրեց՝ կառավարության լիազորությունների ժամկետն ամրագրված է մայր օրենքում, ընտրական օրեսգրքում, իսկ քաղաքական ճգնաժամը լուծելու ընդդիմության պնդումներին իշխող ուժը լուծում է առաջարկել, բայց մերժում ստացել։
Խորհրդարանի փոխխոսնակն էլ պատերազմի ընթացքում համահայկական հիմնադրամին փոխանցված նվիրատվությունների մասին խոսեց, նկատեց՝ շահարկումները շատ են, թե փողերը գողացվել են կամ փոխանցել են պաշտոնյաներին։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հստակեցրեց՝ այդ միջոցների փոխանցումը պետական բյուջե և դրանց օգտագործումն ամբողջությամբ թափանցիկ և կետ առ կետ արտացոլվելու է բյուջեի ծախսային հատվածում, հրապարակվելու 2020-ի գլխավոր ֆինանսական փաստաթղթի հաշվետվության ընթացքում՝ խորհրդարանում։