Ոստիկանության ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա նախապատրաստված նյութերով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ երկու տղամարդ, առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու նախնական դիտավորությամբ, սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով տարհանված և Հայաստանում գտնվող ԱՀ երեք քաղաքացու ներկայանալով որպես ոստիկանության «6-րդ վարչության» աշխատակից և փոխվարչապետի օգնական՝ փախստականների համար նախատեսված համապատասխան ծրագրի շրջանակներում նրանց բնակարան հատկացնելու գործընթացը կազմակերպելու նպատակով մուծումներ կատարելու և այլ խնդիրներ կարգավորելու պատրվակով կեղծ վճարային փաստաթղթեր տրամադրելու և կեղծ սեփականության վկայականներ ներկայացնելու եղանակով, չարաշահելով նրանց վստահությունը, Արցախի քաղաքացիներից մեկից պահանջել են 6 միլիոն դրամ ու ստացել՝ 3 միլիոն 800 հազար դրամ, մյուսից պահանջել ու ստացել են 3 միլիոն դրամ, իսկ երրորդից պահանջել են 4 միլիոն 475 հազար դրամ և 1000 դոլար, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել, քանի որ Արցախի քաղաքացին չի վստահել նրանց։
Դեպքերի առթիվ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում տղամարդկանցից մեկը ձերբակալվել է։
Հարուցված քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։
Դիմում ենք Արցախից Հայաստան տարհանված մեր հայրենակիցներին՝ վստահեք բացառապես պատկան մարմիններին, իսկ այլ անձանցից նման առաջարկություններ ստանալու դեպքում անմիջապես դիմեք իրավապահներին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: