Պատերազմի ժամանակ վիրավորված զինծառայողներին տրամադրվող բուժօգնությունն իրականացվում է պետության հաշվին ստացիոնար և ամբուլատոր պայմաններում՝ տեղեկացրեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ:
Նրա խոսքով՝ արտասահմանում բուժման շարունակության կարիք ունեցող դեպքերում գործում է հստակ ընթացակարգ: ՊՆ-ը ներկայացնում է նման դիմումները Առողջապահության նախարարությանը կից գործող մասնագիտական հանձնաժողովին, որն էլ գնահատում է՝ կա՞ արտերկիր մեկնելու կարիք, թե՞ ոչ: Բժշկական ցուցման դեպքում պետությունը նույնպես ամբողջովին փակում է վիրավոր զինծառայողների բժշկական օգնության ծավալը:
«Այս պահին էլ հանձնաժողովի քննարկմանն է ներկայացված 12 դիմում, որոնք ընթացքի մեջ են: Ցուցման դեպքում, Կառավարության համապատասխան որոշման ընդունման շնորհիվ, տվյալ զինծառայողները կմեկնեն բուժման, և պետությունը կփակի նրանց բուժման ծախսերը»,- հայտարարեց նախարար Ավանեսյանը: