ԱՄՆ-ի 54 կոնգրեսական նամակ է հղել նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով ճնշում գործադրել Թուրքիայի վրա մարդու իրավունքների հարցում, հաղորդում է ermenihaber-ը:
Նամակում սենատորներն անդրադարձել են Թուրքիայի իշխանությունների կողմից ընդդիմության և լրագրողների նկատմամբ կիրառվող քաղաքականությանը:
Չի անտեսվել թուրք-ամերիկյան հարաբերություններում առկա լարվածությունը, որն առաջացել է ռուսական արտադրության Ս-400 զենիթահրթիային համակարգերի ձեռք բերման պատճառով: Նշվում է, որ չնայած Էրդողանի կառավարությանն ուղղված ԱՄՆ-ի բոլոր զգուշացումներին, Թուրքիան, այնուամենայնիվ, շարունակում է գնել ռուսական համակարգերը:
Սենատորները հայտնել են նաև, որ Էրդողանի արտաքին քաղաքականությունն ավելի ռազմատենչ է դարձել և որպես օրինակ են բերել Սիրիայում ԱՄՆ-ի աջակցությունը վայելող քրդերի դեմ Թուրքիայի ռազմական գործողությունները:
Նրանք նաև փաստել են, որ արցախյան պատերազմում Թուրքիան խրախուսել է Ադրբեջանին բռնություն գործադրել հայերի դեմ: