ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը խորհրդարանում ներկայացրեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը:
Ըստ նրա՝ հիմնական նորամուծություններից է բարձրագույն կրթության որակավորումների եռաստիճան համակարգը՝ բակալավր, մագիստրոս, դոկտոր:
«Ներկայիս համակարգը նախատեսում է երկաստիճան՝ բակալավր, մագիստրոս որակավորումների համակարգ: Ասպիրանտական ծրագիրը համարվում է հետբուհական, մինչդեռ Եվրամիության բոլոր անդամ երկրներում այն ներդրված է որպես բարձրագույն կրթության երրորդ աստիճան: Ավարտին շնորհվում է դոկտորի որակավորում»,- նշեց Դումանյանը:
Հաջորդ փոփոխությունը բուհերում ուսումնառության անցումն է լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ:
«Ներկայումս ուսումնառությունն իրականացվում է առկա կամ հեռակա ուսուցման ձևերով: Վերջինի առկայությունը լրջորեն ազդում է կրթության որակի և ուսումնառության վերջնարդյունքների արդյունավետության վրա: Նախագծով բարձրագույն կրթության հիմնական կրթական ծրագրերը կարող են իրականացվել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ: Սա հնարավորություն կտա ուսանողներին կարգավորել իրենց ուսումնառության ինտենսիվությունը, բեռնվածությունը՝ պայմանավորված իրենց ընդունակություններով, զբաղվածության աստիճանով և ֆինանսական հնարավորություններով»,- նշեց նախարարը:
Համատեղ կրթական ծրագրերի իրականացման հնարավորությունը հիմնական երրորդ փոփոխությունն է:
«Գործող օրենքով այդպիսի ծրագրերի իրականացման հնարավորություններ կարգավորված չեն: Մինչդեռ տարբեր, այդ թվում՝ արտերկրի բուհերի հետ համատեղ կրթական ծրագրերի մշակումն ու իրականացումը բարձրագույն կրթության մեր համակարգի միջազգայնացման, կրթության որակի բարձրացման լրջագույն խթան է: Նախագծով նախատեսվում է, որ երկու և ավելի բուհեր կարող են համատեղ մշակել և իրականացնել կրթական ծրագրեր և շնորհել բարձրագույն կրթության որակավորում»,- նշեց Դումանյանը:
Կրթական ծրագրերի համատարմագրումը նախագծով սահմանված հաջորդ փոփոխությունն է: Ներկայումս համավատարմագրման գործընթացները կարգավորվում են Կառավարության որոշմամբ, համաձայն որի՝ բուհերի ինստիտուցիոնալ հավատարմագրումը պարտադիր է, իսկ ծրագրային հավատարմագրումը՝ ոչ պարտադիր:
«Օրենքի նախագծով՝ բուհերի կրթական ծրագրերը պետք է անցնեն պարտադիր հավատարմագրում: Հավատարմագրման գործընթացի կազմակերպման առանձնահատկությունները վերապահվում է Կառավարության կողմից հաստատվող հավատարմագրման կարգին»,- նշեց նախարարը:
Բուհերի ընդունելության կազմակերպման նոր սկուզբունքներ և մեխանիզմներ կներդրվեն: Յուրաքանչյուր տարի երեք կրթական աստիճանով հատկացվում են անվճար և վճարովի տեղեր՝ ըստ բուհերի և մասնագիտությունների, կրթական ծրագրերի: Բակալավրի կրթական մակարդակում ընդունելությունն իրականացվում է միասնական, կենտրոնացված և ներբուհական ընդունելության քննությունների և միասնական մրցույթի միջոցով:
«Հայոց լեզու առարկայի քննությունը պարտադիր է բոլոր մասնագիտությունների ընդունելության համար»,- ընդգծեց նախարարը:
Բուհերի կառավարման համակարգին անդրադառանալիս նախարարը նշեց, որ ներկայումս գործող կառավարման սխեմայով, որը բաղկացած է պրոֆեսորադասախոսական կազմից, ուսանողության ներկայացուցիչներից, հիմնադրի, լիազորված մարմնի ներկայացուցիչներից՝ յուրաքանչյուրից 25 տոկոս համամասնությամբ, առաջարկվում է կառավարման խորհրդի կազմը նախկին 24 կամ 32 անդամի փոխարեն (ըստ բուհի չափի) սահմանել 9 հոգի, որոնցից 4-ին ընտրում է համալսարանի ակադեմիական խորհուրդը՝ դասախոսա-ուսանողական համակազմից, ինչպես նաև բուհի հետ համագործակցող գործատուներից, 5-ը նշանակում է լիազոր մարմնի ղեկավարը՝ գիտության, կրթության, մշակույթի և գործարար շրջանակներից:
«Առաջարկվել է նաև բուհի ռեկտորի ընտրության նոր մեխանիզմ: Բուհի ռեկտորը ընտրվում է կառավարման խորհրդի կողմից ընտրանքային կարգով: Ընտրանքային փուլին մասնակցած և փակ, գաղտնի քվեարկությամբ մրցույթը հաղթահարած մինչև 3 թեկնածու կարող են խորհրդի որոշումով առաջադրվել լիազոր մարմնի ղեկավարի հաստատմանը: Նշանակված ռեկտորի հետ լիազոր մարմնի ղեկավարը կնքում է 5 տարի ժամկետով սահմանված նմուշի պայմանագիր»,- նշեց Դումանյանը՝ ընդգծելով, որ բուհում ղեկավար պաշտոն զբաղեցնող անձը չի կարող լինել որևէ քաղաքական մարմնի ղեկավար անդամ: