Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկի ծառայողները, շարունակելով իրենց անզիջում և հետևողական աշխատանքներն արգելված իրերի, թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարում, իրացնելով օպերատիվ տվյալները և ձեռնարկելով գործուն միջոցառումներ՝ սույն թվականի փետրվարի 8-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, զննություն են իրականացրել ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի կարանտինային մասնաշենքի խուզարկությունների համար նախատեսված սենյակում:
Զննությամբ լվացարանի տակից՝ կերամիկական ոտնակի ներսի հատվածից, հայտնաբերվել է կպչուն ժապավենով միմյանց ամրակցված ծխախոտի տուփերի քողարկված փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա, ափիոն և կոկաին տեսակի թմրամիջոցներին նմանվող, համապատասխանաբար՝ 91.45, 4.01 և 0.18 գրամ քաշերով զանգվածներ, թմրամիջոց հանդիսացող, սուբուտեքս հիշեցնող «B 8» մակնշմամբ 1, մեթադոն տեսակի 5 և հոգեներգործուն նյութ պարունակող 10 դեղահաբ, ինչպես նաև 1 բջջային հեռախոս և 3 բաժանորդային քարտ:
Ծառայողների զգոնության շնորհիվ թմրամիջոցի փոխանցման մեկ այլ դեպք կանխվել էր նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում, որտեղ փետրվարի 6-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, հիմնարկի պահակետերից մեկի ծառայողից ահազանգ էր ստացվել, որ 2 դատապարտյալ փորձում են մոտենալ ներքին արգելագոտուն: Ահազանգից անմիջապես հետո ծառայողները ներկայացել են նշված վայր, սակայն ոչ մեկի չեն հայտնաբերել:
Ավելի ուշ՝ ժամը 18:30-ի սահմաններում, կրկնակի զննության ենթարկելով տեղանքը՝ ծառայողները ներքին արգելագոտու ձյունածածկ հատվածում հայտնաբերել են ներնետված փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 34․9 գրամ ընդհանուր քաշով առանձնացված 6 փաթեթներ: Փաստերի առթիվ նախապատրաստվում են նյութեր, նշանակվել են դատաքիմիական փորձաքննություններ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով: