Բաժանարար լեռնաշղթայի մի կողմում հարևան պետությունն է, մյուսում՝ Շենիկ-Արգինա համայնքները։ Հենց այստեղ՝ Հայկական պարի ու Արարատի հայացքի ներքո, երիտասարդ ֆերմերը կիրականացնի իր երազանքների բիզնես ծրագիրը։ Ագրոտուրիզմ է ուզում զարգացնել։ Մեկնարկը տվել է․ այգիները հիմնել են, հերթը՝ շինարարությանն է։
Վոլոդյա Մնացականյան (ֆերմեր) - Առաջիկայում նախատեսում ենք քոթեջներ պատրաստել՝ հարմարեցված այս պայմաններին, մեկսենյականոց, երկու, ընտանեկան։
Տարածքը, որ քարակերտցի Մնացականյանները ձեռք են բերել 27 տարի առաջ, քարերից, միջատներից ու սողուններից բացի, ոչնչով աչքի չի ընկել։ Մշակության համար անպիտան ու անհրապույր հողին նույնիսկ խորհրդային իշխանությունները մոտ չեն եկել։ Գյուղաբնակ ընտանիքը, սակայն, ռիսկի է դիմել․ սեփականաշնորհել է ծովի մակերևույթից 1300 մետր բարձր գտնվող քարուտը, մաքրել է, հարթեցրել, պոմպերի միջոցով ջուր հասցրել, պտղատու ծառեր տնկել ու կյանք տվել հողին։
Վոլոդյա - Ա՛յ էս վիճակում է եղել հողը, երբ ստացել ենք կողքի արդյունքը։
Թերահավատները զարմացել են՝ ինչպե՞ս կարելի է քար ու քռայի մեջ լուրջ ներդրումներ անել և եկամուտ ակնկալել։ Մնացականյանները, սակայն, անդրդվելի են, համոզված են՝ հողը վարձահատույց կլինի իրեն սիրողին։
Տարածքն ու ծառերն ամեն տարի ավելացնում են։ Երբեմնի քարուտում հիմա աճում են Հայկական լեռնաշխարհի գրեթե բոլոր մրգերը։ Իսկ ծառերն այնպես են էտում, որ նաև գեղեցիկ ու ակնահաճո լինեն։
Վոլոդյա - Ճյուղը երկար ենք թողել, որ սալորը մարգարիտի նման շարված լինի։
Երիտասարդ ֆերմերը Երևանում լավ աշխատանք ուներ և խոստումնալից ծրագրերի առաջարկներ։ Աշխատանքը թողեց, առաջարկը մերժեց ու եկավ ծննդավայր՝ գյուղի զարգացման ծրագրով։ Այգեպատ տարածքի դիրքն ու գրավիչ բնապատկերը ստիպեցին արագ գործի անցնել ու քայլ առ քայլ մոտենալ երազանքին։ Բայց կորոնավիրուսն ու պատերազմը հետաձգեցին ծրագրերը։ Հիմա, կարծում է՝ ճիշտ ժամանակն է՝ շարունակելու սկսածը։
Դիմացի սարերը Արևմտյան Հայաստանի սարերն են, էս ամեն ինչի ուժ տվողն այն է, որ Թուրքիայի քթի տակ այգի ենք հիմնում, շենացնում ենք երկիրը, ուզում ենք ցույց տալ, որ հզորանալու ենք։
Գյուղական միջավայրում հանգստանալ ցանկացողներին Վոլոդյան հրավիրում է գարնան սկզբից մինչև խոր աշուն, ցանկության դեպքում՝ կարելի է մասնակցել այգեգործական աշխատանքներին, ընդհուպ մինչև բերքահավաք։ Իսկ երբ հանգստյան գոտին ամբողջությամբ պատրաստ լինի՝ լռության մեջ, մաքուր օդում հետաքրքիր անկյուն կստեղծի նաև ընթերցասերների համար։
«Թռիչք այգիների վրայով» ծրագիրն էլ էքստրիմի սիրահարների համար է։ Զիփլայնի միտքը հանգիստ չի տալիս։ Բայց դա՝ ավելի ուշ։