Դպրոցն ուսանողական լսարանով փոխել, բայց այդպես էլ նորմալ դաս չի արել: Լենան Մայր բուհի նորեկներից է: Փողոցում կուրսեցիներին ու դասախոսներին տեսնի, չի ճանաչի: Զումով օրը մի քանի ժամ պարապել, բայց այդպես էլ չի համակերպվել հեռավար ուսուցմանը:
Լենա Գյուլումյան, ԵՊՀ ուսանող - Անկեղծ ասած՝ հեռավար ընդհանրապես չենք կարողանում սովորել, քանի որ անհետաքրքիր է անցնում:
11 ամիս հետո բարձրագույն ուսումնական հաստատությունները բացել են դռները: Լսարաններում ու միջանցքներում համալսարանական կյանքը եռում է: Մեկը դիմակով, մյուսն առանց դիմակի: Ասում են՝ էական չէ, կարևորը մարդկային շփումն է:
Պրոֆեսոր Մարատ Գրիգորյանն աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետը ղեկավարում է 40 տարի անընդմեջ ու չի հիշում մի դեպք, որ բուհում կյանքը կանգ առներ: Ինքը պետհամալսարան ամեն օր է եկել, դատարկ լսարաններով շրջել ու երանի տվել:
Մարատ Գրիգորյան, ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի դեկան - Համալսարանը նման էր մի լքյալ դղյակի, որտեղ կար հոյակապ կառույց, բայց չկային մարդիկ, շունչ չկար: Համալսարանն այդպիսին էր, իսկ դա վտանգավոր էր: Սա ամենալավագույն միջոցն էր, որ ուսպրոցեսը կազմակերպվեր, հակառակ դեպքում՝ մենք շատ հետ կընկնեինք և հետագայում մեծ դժվարություն կլիներ վերականգնելու բաց թողածները:
Կրթությունն առկա, թե հեռավար՝ սովորող ուսանողի համար նշանակություն չունի՝ վստահեցնում է Իվետան: Իր համար առցանց կրթությունը ձեռնտու էր, թեյը ձեռքին դասերը տանն արեց, տուն չվարձեց ու ավելորդ ծախսից խուսափեց:
Իվետա Տոնոյան, ԵՊՀ ուսանող - Նույնիսկ շաբաթվա մեկ օրը չանցկացվեց առկա և այդպես ավելի ձեռնտու էր: Ինձ համար օնլայն հարթակը շատ օգտակար էր, որովհետև ճանապարհի գնալ-գալը երկար հոգնածություն էր:
Ուսանողական կյանքը եռում է նաև բժշկական համալսարանում: Այսօր դասի է հաճախել ապագա բժիշկների 80 տոկոսը: Բուհի աշխատակազմի ղեկավարը հեռավար կրթության մասնակցությունից գոհ է, բայց նույն կերպ շարունակել չէին կարող:
Շուշան Դանիելյան, ԵՊԲՀ աշխատակազմի ղեկավար - Մի քիչ դժվար է պատկերացնել բժշկական կրթությունը հեռավար, մենք բավականին բարդ կարողացանք դա հաղթահարել, բայց նաև պետք է ասեմ, որ հեռավարը ևս փորձություն էր, որը կարողացանք հաղթահարել:
Մերին ու Գայանեն նույն կուրսում են սովորում: Չեն էլ հիշում, թե վերջին անգամ երբ էին իրար սպիտակ խալաթով տեսել: Երկուսն էլ ամեն ինչ կտային, 5-ի փոխարեն շաբաթը 7 օր դասի կգնային, միայն թե համակարգչի առաջ նորից չնստեին:
Մարի Մնացականյան, ԵՊԲՀ ուսանող - Շատ դժվար էր, որովհետև մենք լավ չէինք հասկանում թեմաները: Ուսումնասիրել անատոմիան օնլայն տարբերակով շատ դժվար է, նույնիսկ՝ անհնար: Ասես սեպտեմբերի 1-ը լինի, ասես առաջին անգամ ծանոթանանք շենքի հետ, հուսանք՝ նորից չի փակվի համալսարանը:
Բժշկականում ուսումնական կիսամյակը հակահամաճարակային խստացումներով են սկսել: Խմբերը փոքրացրել, լսարաններում սեղանների միջև հեռավորությունն են պահպանել: Շուշան Դանիելյանն ասում է՝ խնդիր է միայն բուհի օտերերկրացի 30 ուսանողի ժամանումը Հայաստան: