«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը ԱԺ-ում հայտարարությունների ժամին անդրադարձավ տեղեկատվական ոլորտում առկա մարտահրավերներին:
«Հայաստանում երկար տարիներ տեղեկատվություն տարածողները, մի շարք լրատվականներ չեն կատարել և շարունակում են չկատարել հանրությանը ճշմարտությունը ներկայացնելու իրենց առաջնային դերը: Հակառակը՝ մեր քաղաքացիներին հնարավորինս հեռացրել են իրականությունից և արել ամեն ինչ՝ ժողովրդին երկրի կառավարման վրա ազդեցություն ունենալու իրենց իրավունքից զրկելու համար»,- ասաց Հովհաննիսյանը:
Պատգամավորի խոսքով՝ ինչպես, օրինակ՝ դատական համակարգի մասին խոսելիս ասում ենք, որ կան դատավորներ, որոնք իրենց գործողություններով ստվերում են ողջ դատական համակարգը, այդպես էլ որոշ լրատվականների և լրագրողների պատճառով ստվերվում և վարկաբեկվում է ողջ լրագրողական համայնքը:
«Մենք՝ որպես քաղաքական թիմ, ստանձնել ենք տեղեկատվական մարտահրավերներին դիմակայելու, դրանք հաղթահարելու հանձնառությունը և նաև պատասխանատվությունը՝ քաջ գիտակցելով, որ տեղեկատվական մարտահրավերները շատ լուրջ սպառնալիք են նաև ազգային անվտանգության տեսանկյունից: Հիմա հերթը լրագրողներինն է: Ազգային շահով, մասնագիտական սկզբունքներով առաջնորդվող հարգելի՛ լրագրողներ, դուք՝ որպես չորրորդ իշխանության ներկայացուցիչներ, պարտավոր եք ձեր ներդրումն ունենալ ոլորտը կարգավորելու, երկրում կայունություն հաստատելու, մեր քաղաքացիներին ճշմարտությունը ներկայացնելու, ձեր շարքերից ձեր մասնագիտությունը ոտատակ տվողներին մաքրելու համար: Մենք՝ որպես օրենսդիրներ, պարտավոր ու պատրաստ ենք օգնել ձեզ այդ հարցում: Տեղեկատվական դաշտի կարգավորման գործում ես ակնկալում եմ լրագրողական համայնքի ներկայացուցիչների աջակցությունը»,- ասաց պատգամավորը: