Դեռ հեռվից նկատելի այս նորակառույցը սահմանամերձ Սարիգյուղում առաջին, իսկ մարզում երկրորդ խելացի անասնագոմն է: Ֆերմեր Էդգար Ոսկանյանը 17 տարի ապրելով Ռուսաստանում, 3 տարի առաջ է վերադարձել: Տարածքը գնել է 6 տարի առաջ, բայց միայն անցյալ գարնանը գործը ձեռնարկեց: Օգնեցին կառավարության` տնտեսվարողներին աջակցման ծրագրերը:
Էդգար Ոսկանյան (Սարիգյուղի բնակիչ) - Գլխաքանակի համար է նախատեսված, 23 մլն դրամը` կառավարության կողմից 70 տոկոսով փոխհատուցվել է որպես սահմանամերձ, առաջին փուլն ավարտել եմ, ստացել 8 միլիոնը: Մարդիկ պիտի սենց ֆերմեք սարքեն, սա շատ լավ պրոեկտ ա:
Չնայած շինարարությունը երկու անգամ` մեկ համավարակով, մեկ` պատերազմով ընդհատվել է, շատ սեղմ ժամկետում` 3-4 ամսում, հասցրել է ավարտել շենքը, մնում են կահավորումը և անասնագլխաքանակի ձեռքբերումը` բարձր կաթնատվությամբ տոհմային ցեղատեսակի:
Էդգար Ոսկանյան - Անասունները մտադիր եմ տեղական շուկայից՝ Հայաստանից գնեմ, բայց տոհմային: Կաթնատվությունը անասունի շատ լավն ա ըլնում:
Ասում է` գյուղացիներն էլ շուտով կհամոզվեն` այս նախագծի առավելությունները համեմատելի չեն ավանդական անասնագոմերի հետ:
Էդգար Ոսկանյան - Այնպես է, որ իրանց զբոսատեղն առանձին է, քնելատեղն առանձին է, կերամանը` առանձին` իրա ամեն ինչով, բայց հին ֆերմաներում մի տեղ ուտում են, նույն տեղը քնում, ծննդաբերում, նույն պայմաններում, հաճախ էդ հորթերը սատկում են, բոլորն էլ էդ պրոբլեմը ունեն:
Եթե ամեն ինչ սպասած հունով ընթանա, հետագայում կհիմնի նաև կաթի վերամշակման փոքր արտադրամաս: Խելացի անասնագոմը շարժել է գյուղացիների հետաքրքրությունը:
Սեյրան Սարիբեկյան (Սարիգյուղ համայնքի ղեկավար) - Սա առաջին քայլն է, վերջնական լավ արդյունքի դեպքում, հուսամ, որ էլի նման պրոեկտներ կունենանք, հետաքրքրվողները շատ են, բայց ֆինանսական ներդրման հարցն ա: Եթե էժան տոկոսադրույքով վարկեր ձեռք բերեն, հնարավոր ա՝ ծրագրում ավելի շատ մարդ ընդգրկվի:
Գյուղում հիմնական զբաղմունքն անասնապահությունն է, բայց արոտավայրերի խնդիր ունեն: Էդգարի խոսքով՝ դա իրեն շատ չի նեղի, քանի որ խոշոր եղջերավորները նստակյաց են լինելու, արոտ չեն տանի: Խոտը թանկացել է, անասնակերի մասին մտածել է դեռ աշնանը:
Էդգար Ոսկանյան -1,5 հա տարածք ա, գարի եմ ցանել որպես անասնակեր, մի հեկտար էլ էն մի դաշտում ունեմ, 8 հազար մետր էլ` մի դաշտում, դա որպես պաշար, էլի անասունի համար, որպեսզի չգնեմ, իմ հողերում ցանել եմ, մոտ 30-35 տոկոսով լուծվում ա անասնակերի խնդիրը:
Ֆերմերը վստահ է, որ կհաջողի բռնած գործում, սկսելուց առաջ հաշվարկել է ռիսկերը: