Առաջին անգամ Հայաստանի պատմության մեջ հնարավորություն կա, որ բարձրագույն դատական ատյանի նախագահի պաշտոնը ստանձնի կին՝ հայտարարեց ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը՝ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրություններին:
«Իմ կարծիքով, եթե ուզում ենք հեղափոխական փոփոխություններ, մենք այս հանգամանքը ևս պետք է հաշվի առնենք: Սա այն եզակի դեպքերից է, որ առանց որևիցե քվոտայի մասնագիտական կարողությունների շնորհիվ կինը կարողացել է հասնել ամենաբարձր դատական պաշտոնին հավակնողի կարգավիճակին: Սա պետք է միանշանակ հարգվի և դիտարկվի որպես դրական փոփոխություն»,- ասաց Վարդանյանը՝ շեշտելով, որ պետք է ունենանք 21-րդ դարին համահունչ դատական համակարգ:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդն այդ պաշտոնում առաջադրել է Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը: Նշենք, որ Լ.Թադևոսյանը այժմ զբաղեցնում է դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը։