«Մարտի 1»-ի գործով ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանն այսօրվա դատական նիստին միջնորդեց վերացնել իր պաշտպանյալի խափանման միջոցը։
Նշենք, որ Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցը կալանքն է, իսկ որպես այլընտրանքային միջոց կիրառված է գրավը։
«Որոշումն ընդունելիս պետք է հաշվի առնել տարիքը, մասնագիտությունը, մեղադրյալին մեղսագրվող արարքի վտանգավորության մակարդակն ու բնույթը»,- նշեց փաստաբանը։
Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գևորգյանի պաշտպանները միացան միջնորդությանը՝ նշելով, որ Յուրի Խաչատուրովի նկատմամբ առհասարակ որևէ խափանման միջոց կիրառելու անհրաժեշտություն չկա։
Դատախազները չհամաձայնեցին և առարկեցին միջնորդության դեմ։
Լսելով կողմերին՝ դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։
Դատական ակտը կհրապարակվի փետրվարի 11-ին՝ ժամը 12։00-ին։