Ներգրավված չեմ եղել 2008 թվականին որևիցե քաղաքական գործընթացի. դա համարում եմ անթույլատրելի. ԱԺ նիստում հայտարարեց ՀՀ Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանը:
Նա վստահեցրեց՝ որպես դատավոր ներգրավված չի եղել, ներգրավված չէ և չի պատրաստվում ներգրավվել որևիցե քաղաքական գործընթացի:
«Այս պահի դրությամբ էլ Վճռաբեկ դատարանում առկա են վճռաբեկ բողոքներ այն դատական ակտերի դեմ, որոնք կայացվել են մարտի 1-ի իրադարձությունների կապակցությամբ, ուստի իմ խոսքով կարող եմ կաշկանդել և՛ ինձ՝ հետագայում այդ վճռաբեկ բողոքներով դիրքորոշում արտահայտելիս, և՛ նաև գործընկերներին, որոնք պետք է մասնակցեն այդ գործի քննությանը»,- ասաց Թադևոսյանը:
Նա նաև նշեց, որ մասնակցել է այն դատական ակտերի կայացմանը, որոնցում նախկինում որևիցե մասնակցություն չի ունեցել, և չի բացառվել, անհնարին չի եղել օրենքով իր մասնակցությունը տվյալ գործին:
Անդրադառնալով 2008 թ. մարտի 1-ի առնչությամբ քրեական գործերին՝ Լիլիթ Թադևոսյանը նշեց, որ իրեն հանձնարարվել է այդ գործերով մեղադրանքի պաշտպանությունը, ներգրավվել է որպես մեղադրող դատախազ ու մասնակցել այդ գործերի քննությանը:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում է Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդն այդ պաշտոնում առաջադրել է Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը: