ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն անդրադարձավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների հայտարարություններին, թե խորհրդարանն անկարևոր հարցեր է քննարկում: Նրա խոսքով՝ ԱԺ վերջին արտահերթ նիստում երկու նախագիծ էր ընդգրկված, որոնցից մեկն առնչվում էր սոցիալական հարցերի խնդիրների լուծմանը: «Այո՛, օրակարգում կային թե՛ դատաիրավական համակարգի բարեփոխումներին ուղղված հարցեր, թե՛ սոցիալական խնդիրներին վերաբերող հարցեր: Կարծում եմ՝ այն հարցերը, որոնք այսօր դահլիճում քննարկվում են այստեղ, խորհրդի նիստերին մասնակցության ժամանակ նույնպես կարևոր է արծարծել: Շատ լավ կլինի, որ մեր ընդդիմադիր գործընկերներն իրենք հանդես գան առաջարկություններով: Եթե կան այդպիսի օրենսդրական նախագծերի գաղափարներ, համատեղ քննարկենք, կամ իրենք նախաձեռնեն, մենք էլ կողջունենք»,- ասաց Մակունցը:
Պատգամավորի խոսքով՝ ինչ վերաբերում է առաջնահերթ խնդիրներին, ապա դրանք ոչ միայն օրենսդրի դաշտում են, այլ նաև այլ հարթություններում հասցեագրվող և լուծվող խնդիրներ են:
«Բնականաբար առաջնահերթությունը բացառապես առնչվում է հետպատերազմյան խնդիրները լուծելուն միտված հարցերին, բայց կան նաև այլ առաջնահերթություններ: Դրանք որևէ կերպ չպետք է անտեսվեն, և որևէ ինստիտուտ պարապուրդի չպետք է մատնվի՝ մասնակցելով բոլոր նիստերին, բոլոր նախաձեռնություններին»,- ասաց Մակունցը: