Այսօր խորհրդարանում հայտարարությունների ժամին ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձավ Հայաստանի և Ռուսաստանի խոր ինտեգրացիայի մասին վերջերս նախկին բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հաճախ հնչող արտահայտություններին:
«Հայաստանի և Ռուսաստանի խոր ինտեգրացիայի անհրաժեշտության մասին են խոսում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանից սկսած բոլոր նրանք, ովքեր տարիներ շարունակ զբաղված են եղել բացառապես Հայաստանի անկախությունն ու արժանապատվությունը ծախելով»,- նշեց Բաբաջանյանը:
Անդրադառնալով նախորդ շաբաթ տեղի ունեցած հավաքներից մեկին՝ Բաբաջանյանը նշեց, որ այն, իր կարծիքով, ոչ թե սոսկ սպառնալիք էր Հայաստանի ինքնիշխանության դեմ, այլ Հայաստանի պետականության կազմաքանդման, սահմանադրական կարգի տապալման միջոցառում էր:
«Ցանկացած կոչ՝ ուղղված մեր Սահմանադրության անփոփոխելի հոդվածների դեմ, պետք է քրեորեն պատժելի դարձնել, առաջիկայում անպայման հանդես կգամ նման նախաձեռնությամբ: Ամաչելու բան է ապրել այս ստորաքարշների հետ նույն երկնքի տակ՝ միևնույն հասարակության մեջ, որտեղ հերոսների արյունը դեռ չչորացած՝ ջրի երես է դուրս եկել անհայրենիքությունը: Կասկած չկա, որ ուժեղ լինելու համար Հայաստանը սերտորեն պետք է աշխատի Ռուսաստանի հետ, բայց ուժեղ լինելու համար պահանջվում է աշխատել նաև այլ ուղղություններով»,- նշեց Բաբաջանյանը: