ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանը խորհրդարանում հայտարարությունների ժամին անդրադարձավ կիրակի արտահերթ ընտրությունների մասով խմբակցության տարածած հայտարարության վերաբերյալ հնչած արձագանքներին:
«Հետևեցին ամենատարբեր արձագանքներ ինչպես քաղաքական ուժերի, հասարակական կազմակերպությունների, հանրության տարբեր խմբերի ու անհատների կողմից, այնպես էլ իրականում քաղաքականությամբ զբաղվող, բայց դա ամենատարբեր գործունեության տակ քողարկող անձանց կողմից: Տարածվում են նյութեր այն մասին, որ կառավարող ուժը, մերժելով իբր սահմանադրական ճանապարհը, իսկ իրականում պարզապես արձանագրելով առկա իրողությունները՝ թողել է միայն հակասահմանադրական ճանապարհ, դրդում է ֆիզիկական հաշվեհարդար տեսնել իր հանդեպ: Ինչպես նաև հնչում են վրեժխնդրության դրսևորումներ՝ էլի անբարոյական կերպով խաղալով մեր ժողովրդի նվիրական հույզերի հետ՝ ամենաստոր կերպով հանրային խոսույթ նետելով «նեմեսիս» եզրույթը»,- նշեց Գրիգորյանը:
Հայաստանի քաղաքացին մերժել է ներքաղաքական, ներհայաստանյան օրակարգում բռնությունը՝ նշեց պատգամավորը՝ հավելելով, որ բռնություն իրականացնողները նույնպես մերժվել են հանրության կողմից:
«Մենք այսօր խոսում ենք համախմբման, ուժերը մեկտեղելու անհրաժեշտության մասին՝ իբրև մեր պետության զարգացման գրավական, իսկ «հայրենիք փրկողները» կրկին շատ վատ քողարկված բռնության քարոզ են տանում՝ նպատակ ունենալով հանրության գիտակցության մեջ սերմանել բռնության ընդունելիությունը»,- նշեց պատգամավորը: