«Այս դժվար ժամանակներում իսկապես մեծ մարտահրավերներ ունենք, որոնց պետք է արձագանքենք, և դրանցով զբաղվում են ՀՀ զանազան ինստիտուտներ»,- հայտարարեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանի հարցին՝ ԱԺ նստաշրջանի օրակարգում ընդգրկված 16 հարցերից ո՛րն է ադեկվատ մեր առջև կանգնած մարտահրավերներին:
Ըստ Միրզոյանի՝ վերջին շրջանում յուրաքանչյուր քառօրյայից առաջ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորները հայտարարում են, թե քննարկվող հարցերն ադեկվատ չեն ստեղծված իրավիճակին ու առկա մարտահրավերներին, բայց քննարկումների ժամանակ՝ ելույթներում, շեշտում են, թե կարևոր հարց է, ու լուծման ուղիներ են մատնանշում:
«Կարևորն ու անկարևորը, համապատասխանն ու անհամապատասխանը, այնուամենայնիվ, հարաբերական հասկացություններ են, գնահատման հարց են,- նշեց Արարատ Միրզոյանը՝ հավելելով, որ նստաշրջանի օրակարգում, օրինակ՝ Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցն է,- որևէ մեկը կարո՞ղ է ինձ ասել, որ սա անկարևոր է, և պետության բնականոն գործունեության շարունակականության համար դրական ազդեցություն չունի, կամ պարտադիր չէ, որ ընտրենք»: