«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դրական գնահատեց Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանի ներկայացրած զեկույցը, հնչած հարցերին տրված պատասխանները:
«Պատգամավորները մշտապես իրենց հարցերի պատասխանները դատավորի, ՍԴ, ԲԴԽ անդամների թեկնածուներից ակնկալում են ստանալ այնպիսի գնահատականներով, ինչպես ձևակերպել են, և եթե դա տեղի չի ունենում, ասում են՝ տեսնում եք, մեզ նման չեք մտածում, ձեզ ո՛նց ընտրենք, և այդտեղ սկսվում է խզումը»,- ասաց Մարուքյանը՝ նշելով, որ այդ խնդիրը տարիներ շարունակ կա, երբ պատգամավորն ուզում է քաղաքական պրոցեսների վերաբերյալ դատավորի գնահատականը լսել երկրի գլխավոր ամբիոնից:
Հիշեցնենք, որ ԱԺ-ն քննարկում էր Վճռաբեկ դատարանի նախագահի ընտրության հարցը: Բարձրագույն դատական խորհուրդն այդ պաշտոնում առաջադրել է Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը: Նշենք, որ Թադևոսյանը այժմ զբաղեցնում է դատարանի քրեական պալատի նախագահի պաշտոնը։