44-օրյա պատերազմի ընթացքում հակառակորդի կողմից թույլ տրված մարդու իրավունքների մասսայական խախտումները և խոշտանգումները, ցավոք, շարունակվում են: Այդ մասին ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը:
«Հարցը լսելի ենք դարձրել ԵԽԽՎ-ում, միջազգային այլ կառույցներում, բայց բավարար գործիքակազմ չունենք: Ես կոչ եմ անում նաև ընդդիմադիր մեր գործընկերներին՝ միանալ այս պրոցեսին և հետևողական լինել, միահամուռ ջանքերով, որովհետև այստեղ է, որ քաղաքական հայացքները և քաղաքական բանավեճերը տեղին չեն»,- ասաց պատգամավորը:
Բաղդասարյանի խոսքով՝ իրենք հետևողական են լինելու նշված խնդրին տարբեր մակարդակներում՝ դատական, մինչդատական և այլն:
«Այս տարվա փետրվարի 1-ին ՀՀ Կառավարությունը միջպետական գանգատ է ներկայացրել Ադրբեջանի դեմ. սա միջազգային դատական ատյան ներկայացված առաջին միջպետական գանգատն է, որի ընթացքում ևս մեկ անգամ մատնանշվել են պատերազմական բոլոր հանցագործությունները և մարդու իրավունքների մասսայական խախտումները: Ոչ դատական միջոցներից՝ Եվրոպայի խոշտանգումների կանխարգելման հանձնաժողով, Եվրոպայի Human Rights Watch կառույցին ուղղված մեր նամակները և մեր գործընկերային հարաբերությունները, վստահ եմ, որ հնարավորություն կտան ուշադրությունը սևեռելու այս խնդրի շուրջ»,- ասաց Բաղդասարյանը:
Պատգամավորը կոչ արեց Մինսկի խմբի համանախագահող երկրներին՝ խնդիրը պահել ուշադրության կենտրոնում, որպեսզի հայտարարության 8-րդ կետը ամբողջապես իրացվի: