Ինչպես գիտեք, Կառավարությունն առաջնահերթություն է տվել ռազմարդյունաբերության ոլորտին: Ուզում եմ հնչեցնել այն թվերը, հատկացումները, որոնք կատարվել են: Ուզում եմ սկսել 2017 թվականից մինչև 2021 թվականն ամբողջությամբ նշել:
Ուրեմն, 2017-ին մենք ունեցել ենք 1,6 մլրդ դրամ հատկացումներ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մասով: 2018 թվականին այն աճել է մինչև 2,4 մլրդ դրամ, 2019-ին՝ 3,8, 2020-ին փաստացի կազմել է 3,3 մլրդ դրամ և դրան գումարվել է ևս 3,4 մլրդ դրամ՝ լրացուցիչ հատկացումներ պատերազմի մեկնարկի հետ զուգահեռ: Եվ 2021 թ. նախատեսվում է 4,6 մլրդ մլրդ դրամ: Այսինքն՝ եթե համեմատելու լինենք 2017 թ. հետ, այն գրեթե երեք անգամ գերազանցում է այս հատկացումները: Այս մասին ասուլիսում ասաց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը:
Անդրադառնալով հրետանային տեխնիկայի, հրետանային միջոցների, ինչպես նաև ռազմամթերքի արտադրման հնարավորություններին՝ նախարարն ասաց. «Այն հնարավորությունները, որոնք ստեղծվել են, 2021-ին արդեն իսկ ի վիճակի կլինեն մեր տեղական ռազմական պահանջարկն ամբողջությամբ բերել Հայաստան: Դա վերաբերում է թե՛ հրետանային միջոցներին, թե՛ տարբեր տրամաչափի արկերի, թե՛ հրետանային միջոցների, թե՛ ականանետների միջոցներին: Այս ուղղությամբ բավականին լուրջ ներդրումներ են կատարվել Հայաստանում: Եվ այս առումով մենք արդեն արտադրական պրոցես ունենք և դրա ընդլայնման հնարավորություն՝ 2021-ին»:
Անդրադառնալով հարվածային, հետախուզական անօդաչու թռչող սարքերին՝ նախարարը հիշեցրեց, որ գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական ծրագրերի շրջանակներում կային ֆինանսավորված տասնյակ, տարբեր տեսակի նախագծեր:
«Դրանց մի մասն արդեն իրենց տրամաբանական ավարտին է հասցվում: Ցանկանում եմ տեղեկացել՝ թե՛ հարվածային, թե՛ հետախուզական տեսանկյունից արդեն իսկ արտադրական հնարավորությունների ենք հասնում: Հետախուզական ԱԹՍ-ները, որոնք իրենց պարամետրերով նմանատիպերին չեն զիջում, արդեն իսկ կարող են արտադրվել Հայաստանում և նաև լայնորեն կիրառվել են Արցախի պատերազմի ընթացքում մեր ԶՈՒ-ի կողմից»,- տեղեկացրեց Արշակյանը:
Ինչ վերաբերում է ռադարային տեխնոլոգիաներին, որոնք օգտագործվում են հակաօդային պաշտպանության սարքերի ուղղությամբ, նախարարը վստահեցրեց, որ հայկական մշակումները բավական մեծ հաջողությամբ նույնպես կիրառվել են:
«Օպտիկական տեսադիտարկման համակարգերի մասով նույնպես ունենք բավականին լուրջ մշակումներ, արդեն իսկ արտադրական հզորություններ, առաջիկայում դրանք կընդլայնվեն, և ավելի մեծ հնարավորություններ կստեղծվեն թե՛ մեր ԶՈՒ-ի ձեռքբերումների տեսանկյունից, թե՛ արտահանման տեսանկյունից»,- ասաց Արշակյանը: