Վերջին 20 տարում ռազմարդյունաբերության ոլորտը չի գրանցել նման հաջողություններ՝ հայտնում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ ամփոփելով 2020 թվականի տեխնոտարին: Հրետանային միջոցներ, ականանետներ, ձեռքի նռնականետներ և այլ ռազմական տեխնիկա՝ ռազմարդյունաբերական ոլորտում արտադրությունը 2021-ին կբավարարի մեր երկրի պահանջները՝ վստահեցնում է նախարար Արշակյանը:
Իսկ «Պատրաստված է Հայաստանում» պիտակով հարվածային, հետախուզական անօդաչու թռչող սարքերի մի մասն արդեն պատրաստ է սերիական արտադրության: Դրանք իրենց պարամետրերով չեն զիջում շուկայում արդեն հայտնի նմանատիպ ռազմական տեխնիկային, իսկ դրանց մի մասն օգտագործվել է Արցախյան այս պատերազմին:
Ռադարային, կապի, օպտիկական և տեսադիտարկման, օպտիկալազերային համակարգեր. այստեղ ևս նոր անելիքներ ունենք:
Հակոբ Արշակյան (ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար ) - Ինչ վերաբերում է ռադարային տեխնոլոգիաներին, որոնք օգտագործվում են հակաօդային պաշտպանության սարքերի ուղղությամբ, ես ուզում եմ ասել, որ հայկական մշակումները բավականին մեծ հաջողությամբ կիրառվել են, և այս ուղղությունը մեզ համար ևս բարձր առաջնահերթույթւն ունի: Այս ուղղություններով մենք շարունակելու ենք ֆինանսավորումները: Մենք ունեցել ենք 1.6 մլրդ դրամ հատկացում գիտահետազոտական և փորձակոնստրուկտորական աշխատանքների մասով: 2018-ին այն աճել է մինչև 2.4 մլրդ դրամ, 2019-ին՝ 3.8 մլրդ դրամ, 2020-ին փաստացի կազմել է 3.3 մլրդ դրամ, դրան գումարվել է ևս 3.4 մլրդ դրամ լրացուցիչ հատկացում՝ պատերազմի մեկնարկին զուգահեռ: 2021-ին նախատեսվում է 4.6 մլրդ դրամ: Այսինքն՝ եթե համեմատենք 2017-ի հետ, հատկացումները գերազանցում են ավելի քան 2.5 անգամ:
Չեն մոռացել նաև սահմանները պահող տղաների մասին: «Զինվորի հաջողության ուղին» պիլոտային ծրագրով մասնագիտական վերապատրաստում կսկսեն հաշմանդամություն ձեռք բերած պատերազմի մասնակիցների համար, որ վերջիններս կարողանան Այ Թի ոլորտում հաջողության հասնել: Ի դեպ, 18 ուղղությամբ դասընթացները կլինեն անվճար:
Մինչև պատերազմը 2020-ին պետք էր պայքարել առողջապահական պատերազմում: Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման պետական աջակցության 17-րդ միջոցառման հաղթողների հետ պայմանագրերը կնքելու օրը սկսվեց պատերազմը: Բայց հաղթողների մասին չեն մոռացել՝ ասում է բարձր տեխնոարդյունաբերության նախարարը:
Կորոնան ստիպեց նաև թոքերի արհեստական շնչառության հայկական սարքերին անցնել: 5 սարք արդեն պատրաստ է նաև կլինիկական փորձարկումների անցնելու:
Հակոբ Արշակյան - Ընկերությունը, որը հաղթել էր մրցույթում՝ «Յեա ինջիներինգը», մասնակցել է NASA-ի Jet Propulsion Laboratory-ի կողմից մշակված ծրագրային համակարգի լիցենզավորման մրցույթին: Եվ շուրջ 42 երկրների 330 ընկերություններից հաղթել ընդամենը 28 ընկերությունների մեջ:
Նաև փոստային ծառայությունների մասին. այս տարի գյուղերում փոստից հնարավոր կլինի դեղեր պատվիրել և դրանք ստանալ 3 օրում նույն գնով, ինչպես քաղաքում, իսկ Երևանում առաքումը կլինի անվճար: «Հայփոստի» միջոցով Հայաստան ավելի քան 20 տոննա հումանիտար բեռ, իսկ առաջնագիծ գեներատորներ են հասցրել: Իսկ արդեն «Արցախփոստին» տրվել են պլանշետներ, որ կարողանան թոշակներ վճարել: Հայաստան-Ռուսաստան փոստային ծանրոցները ևս էժանացել են:
Հակոբ Արշակյան - «Հայփոստի» և Ռուսաստանի փոստի միջև 2020-ի սեպտեմբերի 24-ին ստորագրվել է համաձայնագիր՝ փոստի միջոցով ցամաքային ճանապարհով ծանրոցների փոխադրման սակագների նվազեցման և ռազմավարական գործընկերության մասին: Հոկտեմբերի 1-ից ծանրոցները Երևանից Մոսկվա, Մոսկվայի մարզ և հակառակ ուղղությամբ իրականացվում են շուրջ 3 անգամ ավելի իջեցված գներով: Շուրջ 1.5 անգամ էլ նվազել են Հայաստանի մարզերից Ռուսաստանի այլ մարզեր փոստային փոխադրումների սակագները:
Եվ 2021-ին էլի ռազմարդյունաբերությունը գլխավոր առաջնահերթություն է: «Հայաստան» միասնական տաղավարով մոտ 2 տասնյակ ընկերություն կմասնակցի ռազմարդյունաբերական ցուցահանդեսների, իսկ մարտին «Արմհայտեք» պաշտպանական տեխնոլոգիաների և սպառազինության միջազգային ցուցահանդեսի մասշտաբներն այս տարի կլինեն բացառիկ: Մարզահամերգային համալիրում կլինեն նաև ՀԱՊԿ-ի և ռազմատեխնիկական գործակցության միջպետական հանձնաժողովի նիստ և կոնֆերանս: