ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը 2020 թ. ամփոփիչ ասուլիսի ժամանակ անդրադարձավ նաև Ինժեներական քաղաքին՝ որպես մեծ ծրագրի:
«Արդեն իսկ 7 ընկերություն կա, որ հայտ է ներկայացրել այստեղ գտնվելու համար, և նրանց վերաբերյալ արդեն իսկ որոշում կա կայացված հանձնաժողովի կողմից»,- տեղեկացրեց նախարարը՝ հիշեցնելով, որ Ինժեներական քաղաքը Բագրևանդում կառուցվող այն ենթակառուցվածքն է, որը հատկապես բարձրտեխնոլոգիական, սարքաշինական, էլեկտրոնային սարքավորումների, ռազմարդյունաբերության ոլորտի ընկերություններին հնարավորություն է տալիս օգտվել գիտահետազոտական հնարավորություններից, թանկարժեք լաբորատորիաներից:
«Այս տարի արդեն կսկսեն շինարարական աշխատանքները: Կոնստրուկտորական, նախագծային փաստաթղթերն արդեն պատրաստ են և արդեն դրվում են շինարարության համար մրցույթներին: Ինժեներական քաղաքում 2020 թ. փետրվարին հիմնվել է Պոլիտեխնիկական համալսարանի Էլեկտրոնային սարքեր, չափիչ համակարգեր ամբիոնը, որը կրթության և արդյունաբերության կապի ևս մեկ լավ օրինակ է»,- տեղեկացրեց նախարարը՝ հայտնելով, որ նոր պրոֆեսորադասախոսական կազմ է ներգրավվելու:
Անցում կատարելով թվայնացմանը՝ նախարարը տեղեկացրեց, որ Հայաստանի թվայնացման հնգամյա ռազմավարությունը մշակվել է և Կառավարության հաստատմանն է ներկայացվել:
«Մենք մյուս շաբաթ հնարավորություն կունենանք այն քննարկելու Կառավարության կազմով: Ռազմավարության հիմնական նպատակներն են՝ թվային ենթակառուցվածքների զարգացումը, բիզնես գործընթացների թվայնացումը և ավտոմատացումը, ազգային կիբեռանվտանգության կենտրոնի հիմնումը, տվյալների քաղաքականության մշակումն ու ներդրումը, թվայնացմանն առնչվող օրենսդրական նախագծերի մշակումը, ինչպես նաև քաղաքացիների շրջանում թվային հմտությունների զարգացումը»,- ասաց Արշակյանը՝ հավելելով, որ առաջիկայում մշակվելու և ներդրվելու են մի շարք էլեկտրոնային համակարգերի արդիականացված տարբերակներ և նոր էլեկտրոնային համակարգ արդարադատության, վիճակագրության, տարածքային կառավարման, ոստիկանության, միգրացիոն և այլ ոլորտներում, որոնք կիրագործվեն 2021-2025 թթ.: