«Սպորտում չկան սահմանափակումներ»․ հենց այս կարգախոսը միատեղեց ամբողջ Հայաստանի 26 մարզիկների Երևանի «Դինամո» մարզադահլիճում, որտեղ փետրվարի 6-7-ը կայացավ հաշմանդամություն ունեցող անձանց սեղանի թենիսի Հայաստանի առաջնությունը։
Տևական ժամանակ հաշմանդամություն ունեցող մարզիկները զրկված էին որևէ միջոցառման մասնակցելու հնարավորությունից։ Պատճառների թվում կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումներն են ու պատերազմը։
Հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիայի նախագահ Կամո Դավթյանի պնդմամբ՝ իրենք կարողանում են մինիմալ հնարավորություններով պահել մրցունակ մարզիկների, որոնք պայմանների ու մրցակցային միջավայրի ապահովման դեպքում կկարողանան նվաճել անգամ պարալիմպիկ խաղերի ուղեգիր։ Պետք է միայն տարեկան երկու անգամ մասնակցել միջազգային ստուգատեսերի։
Դավթյանի հետ համակարծիք է նաև Հայաստանի ամենաուժեղ մարզիկը՝ Գևորգ Բեգլարյանը, ով միջազգային մրցաշարերի մասնակցության շատ հաջող մեկ փորձ ունի։ Նրա կարծիքով՝ մնում է միայն այդ ընթացքը պահպանել ու հայ մարզիկները կկարողանան ամենամրցակցային մարզաձևերից մեկում՝ սեղանի թենիսում, ունենալ պարալիմպիկ խաղերի մասնակցության ուղեգիր։
Հայաստանի առաջնությունում պայքարն ընթացավ երկու խմբում՝ անվասայլակով և առանց դրա: Անվասայլակով մրցումներում առաջին հորիզոնականն զբաղեցրեց Արման Սարգսյանը, երկրորդը՝ Էրիկ Սարգսյանն էր։ Աղջիկների պայքարում առաջին մրցանակակիրը Մելինե Ղազարյանն էր, երկրորդը՝ Էլեն Սարգսյանը։
Տղամարդկանց՝ առանց անվասայլակի մրցումներում հաղթող դարձավ Գևորգ Բեգլարյանը, որը եզրափակչում պարտության մատնեց Տիգրան Պետրոսյանին։ Երրորդ մրցանակին արժանացավ Արթուր Գալստյանը, ով համառ պայքարում պարտության մատնեց 60-ամյա արցախցի Վաչագան Զաքարյանին։ Վերջինս ավելի վաղ հաղթել էր անգամ «հաշմանդամ անձանց սեղանի թենիսի հայկական ֆեդերացիայի» փոխնախագահ Հմայակ Ավետիսյանին։
Չնայած տարիքին, ծնունդով հադրութցի Վաչագան Զաքարյանը հավատացած է, որ մարզումների ու քրտնաջան աշխատանքի շնորհիվ կարող է անգամ պարալիմպիկ խաղերի ուղեգիր նվաճել ու ներկայացնել Հայաստանը։