Հակառակորդը հարձակվում է այն ժամանակ, երբ համոզված է լինում, որ տարիների ընթացքում ավելի է ուժեղացել, քան իր հակառակորդը՝ խորհրդարանում հայտարարությունների ժամին նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ խորհուրդ տալով «ինչո՞ւ ենք մենք թույլ հակառակորդից» հարցի պատասխանը փնտրել անցած տարիների տնտեսական ցուցանիշների, տնտեսական աճի, ռազմական բյուջեի, ընդհանուր բյուջեի համեմատություններում:
«Ներդրումների մասով, իհարկե, կա ցավալի անկում, բայց այդ անկումը անցած տարի արձանագրվել է աշխարհի գրեթե բոլոր երկրներում»,- նշեց Թունյանը: Եվրոբոնդերի թողարկումը ներկայացնել որպես ձախողում՝ այդքան էլ ճիշտ չէ, բարձր տոկոսով ասվածն էլ՝ հարաբերական է՝ հակադարձեց Թունյանը:
«Ովքեր ասում են՝ պարտքը բացարձակ թվով ավելացավ, պետք է նաև հաշվի առնեն մյուս կողմերը՝ մենք ունեցել ենք հարկերի նվազում, Քովիդ-19, ունեցել ենք փակված ընկերություններ: Այսինքն՝ մեր հարկային եկամուտները մի կողմից նվազել են, մյուս կողմից՝ ծախսերն ավելացել են: Մենք աջակցություն ենք ցուցաբերել որոշ ոլորտների, ռազմական ծախսերն ենք ավելացրել, այս պայմաններում բյուջեն ունի դեֆիցիտ: Եվ եթե ինչ-որ մեկն առաջարկում է պարտք չվերցնել, ապա ինքը պետք է մեզ ցույց տա նաև՝ ոնց պետք է մենք պետբյուջեի ծախսերը կատարենք, ինչի հաշվին պետք է աշխատավարձ վճարենք, թոշակ և այլն»,- նշեց պատգամավորը: