Անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանից հետաքրքրվեց, թե ինչու ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանը չի եկել խորհրդարան ու չի ներկայացնում Վճռաբեկ դատարանի նախագահի՝ ԲԴԽ թեկնածուին:
«Անկեղծ ասած, ես ինքս զարմացած եմ այդ փաստով, հուսամ՝ շատ հիմնավոր պատճառ կա դրան, հակառակ դեպքում դուք, օրինակ՝ որպես պատգամավոր, կարող եք դա վերագրել խորհրդարանի նկատմամբ ոչ պատշաճ վերաբերմունքի դրսևորում: Ենթադրում եմ՝ ճանաչելով պարոն Վարդազարյանին, որ ամենևին դա չի պատճառը, և որևէ հիմնավոր, գուցե շատ տեխնիկական, բայց հիմնավոր պատճառ կա դրան: Թեկնածուի ներկայացումը պատշաճ մակարդակով կարվի, վստահ եմ, և մենք հնարավորություն կունենանք ճիշտ եզրակացության գալ»,- ասաց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
Հիշեցնենք՝ Վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնում ԲԴԽ-ն խորհրդարան է ներկայացրել Լիլիթ Թադևոսյանի թեկնածությունը: Իսկ ԱԺ նիստում նրա կենսագրությունը ներկայացրեց ԲԴԽ նախագահի պարտականությունները ժամանակավորապես կատարող, ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը: