Երևանի քաղաքապետարանը նախատեսում է նորոգել 12 մանկապարտեզ, կառուցել ևս 3-ը: Ծրագիրը քաղաքապետարանը կիրականացնի Եվրոպական ներդրումային բանկի տրամադրած 15 մլն եվրո դրամաշնորհով:
«Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ասել է, որ շինթույլտվությունների հետ կապված խնդիրներ կան: Վարչությունը ժամկետների մեջ չի տեղավորվում:
«Մենք այսօր քննարկելու ենք հաստիքացուցակներում փոփոխությունների, ավելացումների հարց: Երկու տարի է՝ ավելացնում ենք ամեն տեղ, բացի մեր շինարարական բլոկից, որտեղ ծանրաբեռնվածությունը կա, և օբյեկտիվ է: Ես ձեր ուշադրությունն եմ հրավիրում սրան և առաջարկում՝ եթե շինթույլտվությունների պատասխանն իրականում չպետք է տրվի 15-օրյա ժամկետում, 30-օրյա ժամկետում, ավելի լավ է՝ մեր քաղաքացիների նյարդերը չբորբոքենք և գրենք, որ կպատասխանենք այն ժամանակ, երբ կհասցնենք»,- ասել է Խաժակյանը:
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը պատասխանել է, որ ինքնակամ շինությունների վերաբերյալ աննախադեպ քանակի դիմումներ են ստացել:
«Օրենքի փոփոխության պատճառով ինքնակամ շինություններով դիմումները կազմել են 27 հազար, այսինքն՝ 27 հազար դիմում ենք ստացել մենք: Սա աննախադեպ քանակ է, եթե անգամ տարիների բաժանենք: Բնակաբանար, այո՛, մեր ճարտարապետական վարչությունը շատ մեծ լարվածության և շատ մեծ ծավալի տակ է այս պահին: Եվ նույն այդ ինքնակամ շինությունների մասով՝ ես նաև հայցում եմ մեր բնակիչների ներողամտությունը»,- ասաց Մարությանը: