«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու Լիլիթ Թադևոսյանին հարցրեց՝ ինչ դիրքորոշում ունի Քրեադատավարական օրենսգրքի բարեփոխումների վերաբերյալ:
Թադևոսյանը կարևորեց բարեփոխումների անհրաժեշտությունը: Նրա կարծիքով, սակայն, խնդիր է առաջանալու այն առումով, որ առնվազն բարձրագույն դատական ատյանի համար անհրաժեշտություն է լինելու վերանայել կայացված դատական ակտերի մի հսկայական ծավալ:
«Անհրաժեշտություն է լինելու վերանայելու նախադեպերը, ինչը լուրջ ծանրաբեռնվածություն է առաջացնելու առնվազն Բարձրագույն դատական ատյանի համար: Չեմ ուզենա, որ մենք ձեռնպահ մնանք որևիցե բարեփոխում անելուց, եթե դա նպաստելու է և՛ արդարադատության որակի բարելավմանը, և՛ մարդու իրավունքների պաշտպանության բնագավառում լինելու է առաջընթաց քայլ՝ վկայակոչելով բացառապես մեր ծանրաբեռնվածությունը, բայց օբյեկտիվորեն կանգնելու ենք լուրջ դժվարության առաջ: Եթե պետք է կատարվեն այդ փոփոխությունները, ուստի պետք է լինի համակարգային: Դրա հետ համահունչ պետք է լինեն նաև դատաիրավական այն բարեփոխումները, որոնք պետք է թեթևացնեն ծանրաբեռնվածությունը»,- ասաց Թադևոսյանը: