Եվս 30 մետր փորելուց հետո մասնագետները հույս ունեն, որ խմելու ջրի պաշարներ կհայտնաբերեն: Սահմանամերձ Բաղանիսի բնակիչներն ամեն րոպե լավ լուրի են սպասում:
Սարո Հաջոյան (հորատող) - Արդեն 3 օր է՝ աշխատում ենք, հորատել ենք 18 մետր։ Արդեն ջուր կա մեջը, բայց՝ դեռ քիչ։
Բաղանիսի խմելու ջրի հարցը, թվում է, լուծված էր, բայց վերջին 2 տարվա սակավ տեղումներն ու չոր եղանակը սահմանամերձ գյուղի բնակիչներին նորից խմելու ջրի խնդրի առաջ կանգնեցրին:
Նարեկ Սահակյան (Բաղանիս համայնքի ղեկավար) - Ջրի քանակը կախված է տեղումներից: Տեղումները պակասել են, ջուր չունենք։ Ջուրը գյուղացու համար բացում ենք 2-3 օրը մեկ անգամ:
Բաղանիսցիները դեպի հարևան գյուղ ճանապարհը ջրի ճամփա են սարքել՝ ջրի հետևից երբեմն օրը մի քանի անգամ երկար ճանապարհ են կտրում-անցնում: Մասնագետների խոսքով՝ ամենայն հավանականությամբ, մեկ շաբաթից ջուրը կհայտնաբերվի, և գյուղացին այլևս ջրի հետևից հարևան գյուղ չի գնա: Ծախսերը կհոգա «Հայաստան» համահայկական հիմնադրամը:
Նարեկ Սահակյան - Գյուղի խմելու ջրի ընդհանուր համակարգը զրոյից վերակառուցված է։ Այս նոր հորից լավ քանակի ջուր դուրս գա, այլևս ջրի խնդիր չի լինի, ներքին ցանցը գտնվում է շատ լավ վիճակում, վերանորոգման կարիք չկա:
Տավուշում ոռոգման համակարգի բարելավումն ու խմելու ջրի մատակարարումը տնտեսական, սոցիալական, բնապահպանական, ռազմավարական առումով առաջնային նշանակություն կունենան: Մարզպետ Հայկ Չոբանյանը 2021-ին խոստանում է ոլորտային մեծ ու կարևոր նախագծերի իրականացում:
Հայկ Չոբանյան (Տավուշի մարզպետ) - 2019 թ.-ից ֆիքսել էինք, որ մարզի առաջնային խնդիրները վերաբերում են ջրամատակարարմանը։ 2020 թվականին հատկապես մենք առանձնակի շեշտադրում կատարեցինք ոռոգման համակարգերին: Սոցիալական առումով քանի որ խմելու ջրի համակարգերը շատ ավելի կենսական նշանակություն ունեն, դրա համար դրանք զուգահեռ մեզ համար համարվում են առաջնահերթություն։
Տավուշի մարզում այս տարվա նախագծերի գերակշիռ մասը հենց ջրամատակարարման ծրագրերն են: Ոռոգման ծրագրերին ևս առաջնահերթություն է տրված:
Հեղինակ՝ Լիլիթ Սարգսյան