Ծանրոցով Հայաստանում դեղ ստանալու թույլտվությունը, պարզվում է՝ հետաքրքրել է հիմնականում հիվանդ-բուժվող մեր քաղաքացիներին ու դրսում ապրող նրանց ծանոթ-բարեկամներին: Ըստ ՊԵԿ-ի վիճակագրության՝ համեմատաբար թանկ դեղերը արտասահմանից մատչելի ձեռք բերելու հնարավորությունից օգոստոսից մինչև տերեվերջ օգտվել է 1500 մարդ: Եվս 150 առաքանի տեղ է հասել հունվարին:
Մաքսավորներն իրենք էլ արձանագրում են. դեղը ոչ թե նախկինի պես միայն ուղեկցող ճամպրուկում, այլև՝ փոստային որևէ ծառայությամբ դրսից բերելու տարբերակը ճիշտ ժամանակին կիրառվեց: Քանի որ կորոնայի պատճառով սահմանները փակվեցին, ու հիվանդների մի մասը զրկվեց այլ պետություն բուժման գնալուց, այսպես գոնե կարողացան տեղում շարունակել ընդունել իրենց նշանակված բարձրորակ պրեպարատները: Միակ խնդիրը՝ չափաքանակն է. առանց փաստաթղթային ձևակերպումների ծանրոցով կարելի է օրացուցային տարվա ընթացքում ստանալ առավելագույնը 5 անվանում, յուրաքանչյուրից` 3 սպառողական փաթեթ դեղ: Կարգո-տերմինալում լինում են նաև շեմը գերազանցելու դեպքեր:
Առողջապահության նախարարությունը, ոչ թե Պետեկամուտների կոմիտեն է թույլատրում դեղի սահմանված քանակից ավելի կամ հաճախակի ստանալը: Այդ կարգավորումն արվել է, որ միմիայն ֆիզիկական անձանց տված արտոնությունից բիզնեսը հանկարծ չօգտվի ու առանց մաքսազերծելու փոստով դեղ ներկրի՝ մեկնաբանում են Արևմտյան մաքսատնից:
Գարիկ Մինասյան (Արևմտյան մաքսատան վարչության պետ) - 2020 թվականի օգոստոսից այս կողմ ոչ մի նման դեպք՝ ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու դեպք, չի արձանագրվել:
Քաղաքացիներից ով, ինչ դեղ ստացավ, ինչ քանակությամբ՝ ՊԵԿ-ը գրանցում է էլեկտրոնային համակարգում, որ հետևի՝ չափերը չխախտվեն: Առանձնակի ուշադիր են արգելված նարկո հիմքերով պատրաստված դեղամիջոցներին: Հաշվել են՝ անցած տարի կանխվել է փոստով հոգեմետ դեղերի և թմրանյութերի տեղափոխման 240 դեպք: