Երևանի ավագանին 6-րդ նստաշրջանի առաջին նիստին որոշեց ֆիզիկական և իրավաբանական այն անձանց, ովքեր կատարել են տարեկան տեղական վճարումը, իրավունք տալ շարունակելու կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը:
«Արմենպրեսի» հաղորդմամբ՝ այս մասին ասաց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Էդգար Գալստյանը՝ ներկայացնելով 2013-2020 թթ. ընթացքում կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղերի շահագործումը շարունակելու իրավունք տալու մասին Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը:
«Երևան քաղաքի ավագանու 2013-2020 թթ. համապատասխան որոշումների հիման վրա ծառայողական ավտոկայանատեղեր կազմակերպելու իրավունք ստացած իրավաբանական և ֆիզիկական անձանցից 14-ը դիմել են Երևանի քաղաքապետին՝ վճարելով սահմանված չափով տարեկան տեղական վճարը՝ կազմակերպված և գործող ավտոկայանատեղերը 2021 թ. ընթացքում շահագործելու շարունակման իրավունք ստանալու խնդրանքով։ Ելնելով վերոգրյալ իրավական ակտերի պահանջներից և սահմանված դրույթներից` նախապատրաստվել է Երևան քաղաքի ավագանու «Կազմակերպված ծառայողական ավտոկայանատեղ կազմակերպելու իրավունք տալու մասին» որոշման նախագիծ»,- նշեց Գալստյանը:
Նա նշեց, որ տարվա սկզբից առաջ համապատասխան գրություններ ու ծանուցումներ է ուղարկվում նախորդ տարում արտոնություն տրված բոլոր տնտեսվարողներին, որոնցում նշվում է, որ իրենք պարտավոր են թարմացում իրականացնել:
«Նրանց հիշեցնում են նաև, որ հաջորդ տարվա համար իրենք կրկին պետք է դիմում ներկայացնեն, ինչպես նաև դիմումին կից իրազեկեն աշխատանքների վերաբերյալ»,- ասաց տրանսպորտի վարչության պետը:
Երևան քաղաքի ավագանու 2013 թ. դեկտեմբերի 10-ի որոշումներից մեկով սահմանվել է Երևանի քաղաքային համայնքի վարչական տարածքում ծառայողական ավտոկայանատեղի կազմակերպման կարգը:
Հարակից զեկուցող, իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Գալաջյանը հայտնեց, որ իրենք տվել են դրական եզրակացություն:
Որոշումն ընդունվեց 31 կողմ, 1 դեմ և 3 ձեռնպահ ձայներով: