Արցախի հայկական հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմը նոյեմբերի 9-ին դադարեցնելուց հետո էլ Ադրբեջանը շարունակում է բազմաթիվ զինվորական ու քաղաքացիական գերիների պահել, վատ վերաբերմունք ցույցաբերել և նույնիսկ կտտանքների ենթարկել: Այս մասին տեղեկանում ենք American Conservative պարբերականից՝ հիշատակելով, որ Հարավային Կովկասում Արցախի դեմ պատերազմն Ադրբեջանն ու Թուրքիան սկսել էին անցյալ տարի սեպտեմբերին:
Հայերի դեմ զինված հարձակումներում Ադրբեջանին աջակցելու համար Թուրքիան լայնածավալ գործողություններ է սկսել և Ադրբեջան տեղափոխել սիրիացի վարձկանների: Պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմն առանց խտրականության ռմբակոծել ու հրթիռակոծել է Արցախի քաղաքներն ու գյուղերը, այդ թվում՝ բնակելի տներ, եկեղեցիներ և ծննդատներ: Ադրբեջանական զինված ուժերը բազմիցս կասետային զինատեսակներ և սպիտակ ֆոսֆոր են կիրառել քաղաքացիական բնակավայրերում և անտառներում:
Պարբերականը նշում է, որ Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրված հայտարարության 8-րդ կետի համաձայն պետք է ռազմագերիների, պահվող անձանց ու զոհվածների աճյունների փոխանակում լիներ: Ադրբեջանն այս կետի իրականացումը մինչ օրս ձախողել է:
Նշվում է, որ ադրբեջանցի զինվորականների կողմից հայ ռազմագերիների կամ տարեց քաղաքացիների գլխատման կամ անդամահատման բազմաթիվ տեսագրություններ են հայտնվել համացանցում:
Միաժամանակ, անհայտ է գերեվարված բազմաթիվ հայերի ճակատագրերը: Նրանց թվում է նաև լիբանանահայ Մարալ Նաջարյանը, որն անցյալ տարի Բեյրութի պայթյունից հետո Լիբանանից իր քրոջ հետ տեղափոխվել էր Արցախ: Մարալը ցանկացել է իր իրերը վերցնել տնից, սակայն գերեվարվել և անհետ կորել էր:
Այս դաժանությունը հիմնականում պայմանավորված է հայերի դեմ Ադրբեջանի կողմից իրականացվող ինստիտուցիոնալ քարոզչությամբ: Պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում հայատյաց դրոշմանիշների թողարկմանը: Շատ իրավապաշտպաններ սոցիալական հարթակներում դատապարտել էին դրոշմանիշների թողարկումը:
Ադրբեջանի՝ հայ ռազմագերիներին վերադարձնելուց հրաժարումը ոչ միայն հայտարարության 8-րդ կետի կոպիտ ոտնահարում է, այլև՝ ռազմագերիների նկատմամբ վերաբերմունքի ժնևյան կոնվենցիայի բացահայտ ոտնահարում: