Ֆրանսիական Le Journal du Dimanche շաբաթաթերթը ծավալուն հոդված է հրապարակել Ֆրանսիայում թուրքական ազդեցության լծակների մասին, տեղեկացնում է Արմենպրեսը:
Հոդվածում նշվում է, որ Ֆրանսիայում Թուրքիայի շահերի ոլորտում կան երեք հիմնական թեմաներ՝ Հայոց ցեղասպանությունը, քրդական հարցը և Էրդողանի անձի խնդիրը։
Այդ խնդիրների լուծման գործում առանցքային դեր է խաղացել Ստրասբուրգում գտնվող «Արդարության, հավասարության և խաղաղության խորհուրդը» (COJEP), որն ակտիվացրել է իր գործունեությունը Ֆրանսիայում «գորշ գայլերի» գործունեությունն արգելելուց հետո:
COJEP-ն իր քարոզչական գործունեության ընթացքում պարբերաբար խրախուսում է Հայոց ցեղասպանության ժխտմանն ուղղված իրենց դիրքորոշմամբ հայտնի հասարակական գործիչների, Ֆրանսիայի իշխանությունների կողմից հայանպաստ որոշումներ ընդունելու դեպքում հանդես է գալիս դատապարտող հայտարարություններով:
Թերթը նաև հարցազրույց է հրապարակել պատմաբան Ժան-Ֆրանսուա Կոլոզիմոյի հետ, ով նշել է, որ լինելով ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիան ագրեսիվ քաղաքականություն է վարում Սիրիայի, Իրաքի դեմ, ներխուժում Լիբիա, սիրախաղում է Ռուսաստանի հետ, օգտագործում Իսլամական պետությունը, միջամտում Հունաստանի գործերին, զինում Ադրբեջանին Հայաստանի դեմ, իսկ այժմ ցանկանում է ազդել Գերմանիայի և Ֆրանսիայի ներքաղաքական կյանքի վրա: Ի տարբերություն Գերմանիայի, Ֆրանսիան դիմադրում է Թուրքիայի ոտնձգություններին։