Փետրվարի 9-ին ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանն ընդունել է ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին:
Պետական եկամուտների կոմիտեի նախագահն իր խոսքում նշել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա է լայն իրավապայմանագրային փոխգործակցության դաշտ, ինչը հնարավորություն է տալիս ակտիվ համագործակցել ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ ԱՊՀ գործադիր կոմիտեի, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և այլ միջազգային կազմակերպությունների շրջանակում:
Հանդիպման ընթացքում երկկողմ դրական է գնահատվել Հայաստանում Ռուսաստանի Դաշնային մաքսային ծառայության ներկայացուցիչների, ինչպես նաև ՌԴ-ում ՀՀ մաքսային կցորդի աշխատանքը, որոնք անհապաղ արձագանքում են հրատապ լուծում պահանջող հարցերին:
Կողմերը երկուստեք պատրաստակամություն են հայտնել հետագայում ևս արդյունավետ կերպով շարունակելու և զարգացնելու հարկային և մաքսային մարմինների միջև համագործակցությունը: