«Հայաստան» համահայկական հիմնադրամը 2020 թ․ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի առաջին իսկ օրերից սկսած շարունակաբար ծրագրեր է իրականացրել պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամը հաղթահարելու նպատակով՝ հայտնում են հիմնադրամից:
Արցախի վերականգնումն ու զարգացումը, բնակչության սոցիալ-տնտեսական կարիքների բավարարումը Հանրապետության նախագահ, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Արմեն Սարգսյանի, ինչպես և բոլոր հոգաբարձուների և գործադիր վարչության համար բացարձակ առաջնահերթություն է և «Հայաստան» համահայկական հիմնադրամի կարևորագույն առաքելությունը:
Ցուցաբերվող աջակցությունը կրելու է շարունակական բնույթ, ներկայումս հիմնադրամը մշակել և նախատեսում է Արցախում իրականացնել հումանիտար օժանդակության մեծածավալ ծրագրեր:
Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահի մշտական պահանջն է՝ արդյունավետ, պատասխանատու և նպատակային ծախսել հարյուր հազարավոր հայերի միջոցներով հավաքված գումարները և խստորեն պահպանել ծրագրերը մշակելու, հաստատելու և մեկնարկելու համար սահմանված բոլոր ընթացակարգերը և օրենսդրության պահանջները, ապահովել գործունեության թափանցիկությունն ու հաշվետվողականությունը:
Հենց այս պահանջներով և օրենսդրությամբ սահմանված ժամկետներով է առաջնորդվում հիմնադրամն իր ծրագրերն իրականացնելիս:
Հիմնադրամը բարձր է գնահատում հանգանակություն արած բոլոր բարերարների, յուրաքանչյուր անձի հայանպաստ և հայրենանվեր գործունեությունը և գործադրում է բոլոր ջանքերը հիմնադրամի հանդեպ վստահությունը չխաթարելու նպատակով: