«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը շարունակում է ընդլայնել իր մարդասիրական ծրագիրն Արցախում: «Ավրորան» գործի է դրել իր միջազգային հեղինակությունն ու նվիրատուների, փորձագետների, մարդասերների և շահառուների հսկայական ցանցը, որպեսզի աջակցություն տրամադրի արցախցիներին և տեղում ապահովի արդյունավետ լուծումներ:
Հաշվի առնելով «Ավրորայի»՝ Արցախին ուղղված մարդասիրական ծրագրի ծավալը, որոշում կայացվեց ներգրավել համապատասխան փորձով տեղացի մասնագետի: «Ավրորայի» թիմին է միացել Արցախի կրթության, գիտության և սպորտի նախկին նախարար Նարինե Աղաբալյանը՝ որպես «Ավրորայի» արցախյան ծրագրի ղեկավար:
Միաժամանակ «Ավրորան» շարունակում է հայտեր ընդունել կազմակերպություններից, որոնք աջակցության կարիք ունեն տեղերում: Նրանք կարող ենք իրենց հայտերն ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեով:
«Շատ կարևոր է, որ «Ավրորան» կարողանում է օգնել կարիքի մեջ գտնվող մարդկանց ինչպես աշխարհի տարբեր անկյուններում, այնպես էլ մեծ ծավալի ծրագրեր իրականացնել Արցախում: «Ավրորան» արդեն աջակցել է մոտ 50 նախագծերի, որոնք ուղղված են տեղացիների առաջնային կարիքներին՝ փոխելով հազարավոր արցախցիների կյանքը: Մենք շատ ուրախ ենք, որ Նարինե Աղաբալյանը միացել է թիմին: Վստահաբար, նրա փորձառությունը կօգնի ծրագրերի էլ ավելի արդյունավետ իրագործմանը»,- ասել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության խորհրդի անդամ Արման Ջիլավյանը:
Պատերազմից հետո «Ավրորան» անհապաղ օգնություն է տրամադրել արցախցիներին #AraratChallenge նախաձեռնության միջոցով և արդեն 473.000 ԱՄՆ դոլար է տրամադրել ծրագրերին: Գործընկեր կազմակերպությունների հետ #AraratChallenge նախաձեռնությունն աջակցում է 48 նախագծերի, որոնք առաջին անհրաժեշտության պարագաներ են տրամադրում տեղահանված մարդկանց, ֆինանսական աջակցության միջոցով վերականգնում քաղաքացիական ենթակառուցվածքներն Արցախում, ինչպես նաև կապ ստեղծում կամավորների և մարդասիրական կազմակերպությունների միջև:
Տարիների ընթացքում «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ Վարդան Գրեգորյանը, Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը և նրանց հիմնադրած կազմակերպությունները ներգրավված են եղել Արցախում իրականացվող բազմաթիվ ծրագրերի: Դրանից բացի, «Ավրորա» համաշխարհային մարդասիրական մրցանակի դափնեկիրները՝ սկսած առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեից, ամեն տարի այցելել են Արցախ՝ այն ներկայացնելով միջազգային հանրությանը:
«2020 թ. աշնան պատերազմի հետևանքները հաղթահարելը մարտահրավեր է յուրաքանչյուր հայի համար: «Ավրորան» կարող է միավորել բոլորիս և օգնել հաղթահարել այն: Միասին մենք կարող ենք շատ ավելին անել, քան կարծում ենք»,- ասել է Նարինե Աղաբալյանը: Նա ծնվել է 1967 թ. Ստեփանակերտում: 2009-2020 թթ. աշխատել է Արցախի Հանրապետությա կառավարությունում: Ավելի քան 8 տարի Նարինե Աղաբալյանը եղել է մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարը, ավելի ուշ՝ մինչև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը միանալը, զբաղեցրել է կրթության, գիտության և սպորտի նախարարի պաշտոնը:
Որպես Արցախի ծրագրի ղեկավար՝ Նարինե Աղաբալյանը կհամակարգի «Ավրորայի» աջակցությամբ Արցախի համար իրականացվող նախագծերը, ինչպես նաև կմշակի հումանիտար հարթակ, որը կմիավորի շահագրգիռ բոլոր կողմերին և հնարավորություն կտա Արցախի վերականգնման հետ կապված հիմնական աշխատանքներն ու ֆինանսները համակարգել կենտրոնացված համակարգից: